Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավորը Գերմանիայի կառավարությանն ու ԵՄ-ին կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա |armenpress.am|
11:06 - 28 հուլիսի, 2023

Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավորը Գերմանիայի կառավարությանն ու ԵՄ-ին կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը Գերմանիայի կառավարությանը և Եվրոպական Միությանը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու և իրավիճակի սրում թույլ չտալու համար։ Լարս Պատրիկ Բերգն այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։  

«Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Այն, որ անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական օգնությունը ներկայումս Հայաստանից Լեռնային Ղարաբաղ չի հասնում, միանգամայն անընդունելի իրավիճակ է։ Դաշնային կառավարությունը և ԵՄ հանձնաժողովը պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի իրավիճակն ավելի չսրվի»,- գրել է Բերգը։

Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 2023 թվականի ապրիլի 28-ին նրանք հայտարարեցին ճանապարհը բացելու մասին,  քանի որ ապրիլի 23-ին Լաչինի ճանապարհին արդեն անցակետ էին տեղադրել՝ սահմանելով այնտեղ վերահսկողություն։ 

Հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ, ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին, հայկական կողմը այն կանխեց, ինչից հետո Ադրբեջանի կողմից արգելվեցին Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար փոխադրումները՝ այդ թվում՝ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ միջնորդությամբ հումանիտար օգնության փոխադրումը։ Այդպիսով Արցախը ամբողջական շրջափակման մեջ հայտնվեց, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամը օր օրի սրվում է։

Հուլիսի 26-ին ՀՀ կառավարությունը երկու տասնյակ բեռնատար 400 տոննա հումանիտար օգնություն ուղարկեց մինչև Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահների միջոցով պետք է փոխանցվեր շուրջ 8 ամիս շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, սակայն Ադրբեջանը մինչ այս պահը թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքը Արցախ։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» որակեց Կոռնիձորով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու փորձը՝ «ՀՀ-ից պահանջելով դադարեցնել նմանօրինակ սադրանքները»։ «Հայկական կողմը առանց մեր երկրի հետ համաձայնության «մարդասիրական բեռի» անվան տակ ավտոշարասյուններ է ուղարկում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, դա հարձակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ու հերթական սադրանքն է Լաչինի սահմանային կետի դեմ»,-նշեցին Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Ադրբեջանական կողմը նաև շարունակում է պնդել, թե Արցախ հումաիտար բեռ կարող է տեղափոխվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապահով, ինչին, սակայն, հայկական կողմը դեմ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել