Դավիթ Գալստյանը ՀՀ-ի մատակարարման ուղիների զմռսված լինելու պայմաններում մատակարարումների կազմակերպման կարողություններ ուներ․ Տոնոյան
15:55 - 01 օգոստոսի, 2023

Դավիթ Գալստյանը ՀՀ-ի մատակարարման ուղիների զմռսված լինելու պայմաններում մատակարարումների կազմակերպման կարողություններ ուներ․ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն Ազգային ժողովում է՝ մասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Հանձնաժողովի հրապարակային աշխատանքներին մասնակցելու համար Տոնոյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր, միջնորդությունը բավարարվել էր: Տոնոյանը ցանկություն էր հայտնել մասնակցել նիստին՝ բաց ձեւաչափով, միաժամանակ այսօրվա նիստում նա նշեց, որ որոշ դրվագների անդրադառնալու համար փակ նիստի կարիք է լինելու։

Մարտական կառավարման կենտրոնը չի սահմանափակվում մեկ դահլիճով, այնպիսի անձինք, որոնք որոշումների կայացման վրա ազդելու իրավունք չունեն կամ տեղեկություններ իմանալու իրավունք չունեն, գտնվում են հատուկ կահավորված դահլիճում, որտեղ իրականացվում են նաեւ նկարահանումներ, ընդ որում՝ հակառակորդին մոլորության մեջ գցելու, մեր ԶՈՒ եւ հանրության բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու։ Այն սենյակներում, որտեղ կայացվում էին որոշումներ, այդ սենյակներում այլ անձինք ներկա չեն եղել։ Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցրեց՝ 2020թ․ սեպտեմբերին Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, ինչ պաշտոն է զբաղեցրել ՊՆ-ում։ Դավիթ Տոնոյանը միանգամից ասաց, որ Դավիթ Գալստյանը չի եղել իր խորհրդականը [մամուլում Դավիթ Գալստյանն այդպես է ներկայացվել]․ «Նա եղել է այն անձը, որն անհրաժեշտ էր, եւ ես չգիտեի՝ 44 օր է տեւելու, ինչքան է տեւելու, նա եղել է այն անձը, որը հնարավորություն եւ կարողություններ ուներ մատակարարումների կազմակերպման՝ ՀՀ-ի մատակարարման ուղիների զմռսված լինելու պայմաններում, որը եւ իրականացրել է։ Եթե ձեզ անհրաժեշտ է [իմանալ], թե քանի թռիչքներ են եղել կամ ցամաքային ուղիներով, կներեք, «աճպարարության» շրջանակներում է հայտնվել սպառազինությունը ՀՀ-ում, կխոսենք փակ նիստի ժամանակ։ Այդ անձը որեւէ ձեւ չի մասնակցել որոշումների կայացմանը եւ ներկա չի եղել քննարկումներին»,- ասաց Տոնոյանը։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց, որ թե ԳՇ պետի հետ զրույցը, թե այլ տեղեկություններ իրենց հանգեցրել են այն մտքին, որ պատերազմի օրերին Հայաստան մտած սպառազինությունը եղել է չնչին քանակի։ Ալեքսանյանը Տոնոյանին հարցրեց՝ սա հաստատո՞ւմ է, թե՞ հերքում։ Վերջինս ասաց, որ ծավալի վերաբերյալ հարցին էլ կպատասխանի փակ նիստի ժամանակ․ «Խնդիրը պահանջարկի մասին չէ, որովհետեւ ԶՈՒ-ն պահանջարկ է ձեւավորում, իրենց համար, իհարկե, բավարար չէր, բայց ապահովման առումով արվել է համարյա թե անհնարինը, որի վերաբերյալ հակառակորդ երկրի նախագահը երկու անգամ հրապարակային բողոքել է»,- ասաց նախկին նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել