«Արցախում սով է, բայց արցախաբնակ մեր հայրենակիցները չեն տրտնջում անգամ դանակը ոսկորին հասած վիճակում, ինչպիսին հիմա է»․ Լիլիթ Պողոսյան |aravot.am|
16:49 - 02 օգոստոսի, 2023

«Արցախում սով է, բայց արցախաբնակ մեր հայրենակիցները չեն տրտնջում անգամ դանակը ոսկորին հասած վիճակում, ինչպիսին հիմա է»․ Լիլիթ Պողոսյան |aravot.am|

aravot.am: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջեւ հուլիսի 17-ից սկսյալ՝ «Կանայք հանուն Արցախի» նախաձեռնության անդամները շարունակում են չընդհատվող հացադուլը: Aravot.am-ն այսօր զրուցեց հացադուլավոր Լիլիթ Պողոսյանի հետ:

«Կան հարցեր, որոնք առնչվում են ազգային շահերին ու ցանկացած քաղաքացի, անկախ մասնագիտությունից, պետք է ամեն ինչ ծառայեցնի ազգայինին: Ներկա պահին Արցախում ծայրահեղ ծանր վիճակ է, Արցախում սով է: Բայց արցախաբնակ մեր հայրենակիցները չեն տրտնջում, անգամ դանակը ոսկորին հասած վիճակում, ինչպիսին հիմա է, չեն տրտնջում: Վիճակը ծայրահեղ ծանր է հատկապես Ստեփանակերտում ու շրջկենտրոններում: Ու այդ վիճակն էլ ավելի է ծանրացնում տեղաշարժի խնդիրը, այն հանգամանքը, որ վառելիք չկա: Գյուղական համայնքներում հողից ստացված բարիքը մարդիկ չեն կարողանում հասցնել անգամ իրենց հարազատներին: Կրկնում եմ, արցախցիները սովի են մատնված: Պաշարված ամրոցում ինչպե՞ս է լինում. X քանակությամբ պաշարն Y ժամանակում սպառվում է չէ՞, եթե որեւէ տեղից ներկրում չկա: Զարթնել է պետք: Սա քաղաքացիական նախաձեռնություն է սրտացավ մարդկանց նախաձեռնություն եւ անկախ քաղաքական ուղղվածությունից, նախասիրություններից ու համոզմունքներից, մարդը ի վերջո պետք է զարթնի: Անտարբերությունը, որ կա, անթույլատրելի է: Պետք է հասկանալ մի պարզ բան, որ ներկա պահին Արցախում որոշվում է Հայաստանի ճակատագիրը: Ու սա չափազանցություն չէ։ Դա իրականությունն է: Հայաստանում հանգիստ իրենց կյանքով ապրող մարդիկ, հատկապես մայրերը, պատկերացնո՞ւմ են, որ Արցախում երեխան արդեն որքան երկար ժամանակ է նորմալ սնունդ, ոչ մի քաղցրավենիք, անգամ մեկ հատ կոնֆետ չի տեսնում, բայց ուզում է:

Հայաստանում պատկերացնո՞ւմ են Արցախում ապրող մայրերի ցավը, որ ամեն օր ապրում են: Հայաստանում սրճարաններում նստած տղամարդիկ պատկերացնո՞ւմ են արցախցի տղամարդու ապրումները, որ ուժը տեղն է, բայց աշխատանք այլեւս չունի, որ հղի կնոջ համար անհրաժեշտ սնունդ ու պարագաներ ապահովել ի վիճակի չէ, որ երեկոյան տուն է գնում ձեռնունայն ու ամաչում է նայել ծնողների, զավակների, ընտանիքի անդամների աչքերին: Հաստատ չեն պատկերացնում: Որ չեն պատկերացնում նաեւ, որ այսպես շարունակվելու դեպքում նույնը լինելու է իրենց, իրենց ծնողների, կնոջ ու երեխաների հետ»,- ասաց հացադուլի մասնակիցը:

Լիլիթ Պողոսյանը նաեւ ասաց, որ ժամանակ առ ժամանակ ՄԱԿ-ի գրասենյակի աշխատողները մոտենում են իրենց, հետաքրքրվում ակցիայով, միայն նայում են լուսանկարների բալիկներին, ափսոսանք, ցավ ու մտահոգություն հայտնում եւ ասում, որ պետք է ճնշումը մեծացնել, ավելի մեծ թվով մասնակցություն ապահովել, որպեսզի իրենց աշխատանքն ավելի առարկայական լինի: Այս համատեքստում Լիլիթը նաեւ ասաց, որ իրեն անկեղծորեն հունից հանում են Սարյան փողոցի սրճարաններում ու զվարճանքի կենտրոններում անհոգ իրենց ժամանակը սպանող երիտասարդները, եւ որ ինքը աշխատում է այդ կողմերում չլինել՝ այդ տեսարանները չտեսնելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել