«Հիմքեր չկան պնդելու, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի ելույթին


 |factor.am|
15:45 - 03 օգոստոսի, 2023

«Հիմքեր չկան պնդելու, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի ելույթին |factor.am|

factor.am: Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության այսօրվա նիստում Ադրբեջանի սադրիչ գործողությունների  ու Լաչինի միջանցքը արգելափակելու վերաբերյալ հայտարարություններին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հայտարարություն է տարածել՝ Հայաստանին մեղադրելով իրավիճակը սրելու մեջ։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` օգոստոսի 3-ին կառավարության նիստում ունեցած ելույթի ժամանակ միջազգային հանրությանը  Լաչինի սահմանային անցակետի աշխատանքի, ինչպես նաև տարածքային ամբողջականության և սահմանազատման խնդրի հարցերում  ապակողմնորոշելու փորձերը ցույց են տալիս հայկական կողմի մտադրությունը՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական ներդրում ունենալու փոխարեն սրել իրավիճակը»,-ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն շարունակում է հայտարարել, թե «հիմքեր չկան պնդելու, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը»։ Ադրբեջանի ԱԳՆ  հայտարարում է թե, իբր, ՀՀ-ն չի հարգում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, ինչպես նաև հավատարիմ չէ սահմանազատման գործընթացին։

Բաքուն նաև Հայաստանին մեղադրում է Վագիֆ Խաչատրյանի առևանգման գործով միջազգային հանրությանը մոլորության մեջ է գցելու մեջ։

«Եթե ​​հայկական կողմն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ, ապա պետք է ձեռնպահ մնա նման սադրիչ քայլերից և աջակցի Աղդամի  ճանապարհի և այլ այլընտրանքային ճանապարհների օգտագործմանը, որոնք առաջարկել է ադրբեջանական կողմը՝ հայազգի բնակիչների կարիքները բավարարելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել