news.am: Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել եւ եթե նա այդպիսի որոշում չկայացներ, ապա պատասխանատվություն կկրեր այն ժամանակ եւ ոչ թե հիմա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ այս պահին ընթանում է Սարգսյանի հարցաքննությունը:
«Ես առանձնապես ասելիք չունեմ, որովհետեւ դատաքննության ողջ ընթացքը հստակ ապացուցեց, որ Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել եւ եթե նա այդպիսի որոշում չկայացներ, ապա պատասխանատվություն կկրեր այն ժամանակ եւ ոչ թե հիմա: Շատ պարզ բան է տեղի ունեցել. այդ ծրագիրը կարող էին իրականացնել երկու ընկերություններ, եւ նա ընկերություններից ընտրել է այն ընկերությունը, որն ավելի ցածր գին է առաջարկել: Ես անկեղծ ասած ուրախ չեմ պաշտպանելու այն մարդուն, ով զրպարտել է ինձ, բայց իրականությունը դա է: Կարծում եմ՝ բոլորի համար էլ պարզ է դարձել, թե ինչու Սերգո Կարապետյանը մի քանի հարցաքննություններից հետո որոշել էր, որպեսզի այդպիսի ցուցմունք տա»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։
comment.count (0)