Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
19:27 - 11 օգոստոսի, 2023

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Օգոստոսի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ: 

ՀՀ ԱԳ նախարարն իր կիպրացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները և տեղում բնակչության համար ստեղծված ծանրագույն պայմանները: Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը, խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշումը, ոչ միայն քայլեր չի ձեռնարկում Լաչինի միջանցքի արգելափակման վերացման ուղղությամբ, այլև ապրիլին տեղադրած ապօրինի անցակետի միջոցով խաթարում է նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության կողմից առողջական խնդիրներ ունեցող անձանց տեղափոխումը: 

Արարատ Միրզոյանը, բարձր գնահատելով մինչ օրս միջազգային գործընկերների, այդ թվում նաև՝ Կիպրոսի կողմից արված հասցեական ուղերձները, կարևորել է տարբեր հարթակներում ջանքերի համադրման և Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հրատապությունը: Կիպրոսի ԱԳ նախարարը վերահաստատել է այս հարցում իր երկրի մոտեցումը։ Երկուստեք ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների իրականացման անհրաժեշտությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել