Ֆրանսիան շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ․ Ադրբեջանի ԱԳՆ
 |tert.am|
13:00 - 16 օգոստոսի, 2023

Ֆրանսիան շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ․ Ադրբեջանի ԱԳՆ |tert.am|

tert.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ մեղադրելով Ֆրանսիային տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու փորձերի համար։

Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի՝ նախօրեին կայացած հեռախոսազրույցին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է․

«Անհեթեթություն է որպես շրջափակում ներկայացնել սահմանային անցակետի գործունեությունը, որն ստեղծվել է Լաչինի ճանապարհին քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անվտանգությունը երաշխավորելու Ադրբեջանի պարտավորության համաձայն, ինչպես նաև «Հայաստանի կողմից՝ այն ռազմական և անօրինական տնտեսական նպատակներով» (չակերտները-խմբ․) կիրառելը կանխելու նպատակով»։

Միևնույն ժամանակ ադրբեջանական արտաքին գերատեսչությունն ափսոսանք է հայտնել, որ «ֆրանսիական կողմը, հետևելով Հայաստանի մանիպուլյացիաներին, չի աջակցել այլընտրանքային ուղիների օգտագործման համաձայնագրերին, որոնց աջակցել են Եվրամիությունն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեն»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադաձել է նաև ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակ բացելու վերաբերյալ լուրերին՝ դրանք որակելով ապատեղեկատվություն և ընդգծելով, որ ֆրանսիացի նախարարի հղումն այդ միջադեպին
«մեկ անգամ ևս ապացուցում է, որ Ֆրանսիան շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ»։

«Լուրջ մտահոգության տեղիք է տալիս այն, որ Ֆրանսիան, որը 30 տարի շարունակ աչք էր փակում «ադրբեջանցիների զանգվածային արտաքսման, նրանց դեմ պատերազմական հանցագործությունների» (չակերտները-խմբ․) վրա, այժմ փորձում է իրականացնել իր նենգ քաղաքականությունը տարածաշրջանում՝ օգտագործելով հայ բնակիչներին և հենվելով «Հայաստանի կեղծ քարոզչության» (չակերտները-խմբ․) վրա»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել