news.am: Եթե արդեն իսկ խոսվում է վտանգի մասին, ապա Ամուլսարի շահագործման ծրագիրը պետք է փակվի: Նման կարծիք հայտնեց Ամուլսարի պաշտպան Շիրակ Բունիաթյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին:
«Ամեն մարդ իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը եւ Աղաջանյանի հարցազրույցը ես դիտարկում եմ որպես Աղաջանյանի կարծիքի արտահայտում, ոչ ավելին: Մեզ համար անհասկանալի է կառավարելի ռիսկեր հասկացողությունը, որովհետեւ ռիսկը դա վտանգն է, իսկ կառավարելի վտանգներ չեն լինում: Եթե արդեն իսկ խոսվում է վտանգի մասին, նամանավանդ առողջարանային գոտու մոտակայքում, ինձ թվում է արդեն պետք է փակվի տվյալ ծրագրի էջը»,-ասաց նա:
Շիրակ Բունիաթյանը նաեւ հակադարձեց Աղաջանյանին` նշելով, որ ոչ թե քաղհասարակությունն է դեմ ծրագրին, այլ ամբողջ համայնքը. «Էստեղ չի կարող խոսք գնալ ինչ-որ մի փոքր խմբի համար, իսկ եթե Աղաջանյանի համար դա մի փոքր խումբ է, երեւի նա ի նկատի է ունեցել աշխարհի 10 միլիոնից ավելի հայերին եւ մեզ այս համատեքստում փոքր թիվ է դիտարկել: Գիտակից հայության մեծ մասը դեմ է Ամուլսարի շահագործմանը: Այնպես չէ, որ պայքարը նոր է սկսել եւ նոր պետք է պայքարի իրական ծավալների մասին տեղեկացնենք»:
Անդրադառնալով մյուս հայտարարությանը, որ Կառավարությունն է որոշումներ կայացնում, այնինչ ցուցարարները փորձում են այդ գործառույթն իրենց վրա վերցնել, Բունիաթյանն ասաց. «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին իրավունք ունի մասնակիցը դառնալու, ինքը որոշելու: Ամուլսարում հանքարդյունաբերության էջը փակվել է 1.5 տարի առաջ, ճանապարհները փակելու առաջին իսկ օրվանից, եւ համայնքի բնակչության մեծ մասը կայացրել է որոշում, որ ինքը չի ուզում ապրել հանքարդյունաբերական շրջանում, դա մեր որոշումն է եւ կառավարությունը, ինձ թվում է, կգնա կառուցողական երկխոսության»:
Բունիաթյանի կարծիքով` մինչեւ գարուն իշխանությունը Ամուլսարի ճանապարհները բացելու հարցում կտրուկ քայլերի չի գնա, իսկ եթե Կառավարությունը որոշի ուժի միջոցով բացել ճանապարհներ, դա կլինի գարնանը: «Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, երբ որ մենք մտել ենք այս պայքարի մեջ, գնահատել ենք բոլոր տարբերակները»,- հավելեց նա:
Նշենք, որ Էդուարդ Աղաջանյանը հարցազրույց էր տվել Հանրային հեռուստաընկերությանը, որտեղ խոսելով Ամուլսարի խնդրի մասին նշել էր, որ հանքը շահագործելու դեպքում եթե ռիսկերը կառավարելի լինեն, իրենք համապատասխան որոշում կկայացնեն: Նաեւ ասել էր, որ վերջնական որոշում կայացնողը Կառավարությունն է, այլ ոչ թե այնտեղ պայքարող քաղհասարակության ներկայացուցիչները:
comment.count (0)