azatutyun.am: Մինչև իշխանություններն անարձագանք են թողնում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պնդումները, թե նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի խոստում է տվել, խորհրդարանի մեծությամբ երկրորդ ուժից դա մտացածին են որակում:
«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը համոզված է՝ Արցախի ժողովրդի շրջանում նման պահանջ այս պահին չկա։
«Արհեստածին մտահղացում է, որը ներմուծվում է հանրության մեջ այն շրջագայելու հնարավորություն ստեղծելու նպատակով, որը, կարելի է ասել, ես ավելի քան համոզված եմ դրանում, շարունակություն ոչ միայն չի ունենալու, այլև դա հնարավոր չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
Մինչև Վարդանյանի հայտարարությունը Արցախի իշխող ուժից «Ազատությանը» հերքել էին շրջանառվող լուրերը, թե Հարությունյանը պատրաստվում է հրաժարական տալ, ավելին՝ ասել, որ անցած հինգշաբթի օրը նախագահն իր թիմակիցների հետ վերահաստատել է չհեռանալու որոշումը։
Ռուբեն Վարդանյանը տեսաուղերձով էր մեղադրել Հարությունյանին, թե իբր նա շաբաթասկզբին խոստացել է հրաժական ներկայացնել, բայց հետո հետ է կանգնել խոստումից։
«Շաբաթվա սկզբում Դուք ասում էիք, որ հրաժարական եք տալու, ու Ձեզ պետք չի համոզել, որովհետև որոշումն արդեն կայացրել եք, ու դա առաջին անգամ չէ։ 8 հոգուց, որ ներկա էին այդ հանդիպմանը, մի մասն արդեն չէր հավատում ձեր խոսքին: Մի մասն էլ ասում էր՝ գուցե այս անգամ իսկապես ինքն ճի՞շտ է ասում, և ցավալի է, որ առաջին մարդու խոսքը արդեն չունի հավատ»,- ասել էր նա։
Վարդանյանը, սակայն, չէր, հստակեցրել՝ ինչ հանդիպման մասին է խոսքը, ինչու է Հարությունյանը նման խոստում տվել։ Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն անհնար է համարում ընդհանրապես այս իրավիճակում նախագահի hրաժարականը։
«Արայիկ Հարությունյանը հրաժարականից հետո ո՞վ պետք է լինի նախագահը, և ո՞ւմ եք ցանկանում տեսնել», - նշեց Մարսել Պետրոսյանը։
Ռուբեն Վարդանյանի պնդմամբ՝ Արայիկ Հարությունյանը ասել է, թե իրեն ճնշում են, որ չհեռանա, խոսել Ազգային ժողով մտած աշխարհազորից։
comment.count (0)