civilnet.am: Բաքվում մարտի 11-ին շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործի դատական քննությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Վարդանյանի դեմ ցուցմունք են տվել Ադրբեջանի քաղաքացիություն ստացած երկու հայեր՝ Մուշեղ Գրիգորյանը և Կամո Հայրապետյանը։
Ըստ ադրբեջանական լուսաբանումների՝ Գրիգորյանն ու Հայրապետյանը մի շարք մեղադրանքներ են հնչեցրել Վարդանյանի հասցեին, որոնք փաստացի նույնական են Ադրբեջանի՝ նախկին պետնախարարին առաջադրած մեղադրանքներին։
Սակայն հարկ է նշել, որ դատական նիստը փակ է եղել միջազգային լրատվամիջոցների համար, իսկ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած դատական նիստի ռեպորտաժում Մուշեղ Գրիգորյանի և Կամո Հայրապետյանի խոսքերը լսելի չեն։ Ցուցմունքների մասին տեղեկությունները տարածվել են միայն ադրբեջանական լրատվամիջոցների կողմից և հնարավոր չէ պարզել՝ արդյոք նրանք նման պնդումներ արել են, թե ոչ։
Արցախի հայաթափումից մի քանի շաբաթ անց՝ 2023-ի հոկտեմբերին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտնեց, որ փոքր թվով արցախցիներ մնացել են իրենց տներում՝ կա՛մ սեփական ցանկությամբ, կա՛մ քանի որ չեն կարողացել ինքնուրույն հեռանալ։
Մնացած արցախցիներից մեկը Կամո Հայրապետյանն է, որը դատարանում ադրբեջաներենով ելույթ է ունենում հրապարակված կադրերում, սակայն նրա խոսքը լսելի չէ։
ԿԽՄԿ-ի՝ 2023-ի հոկտեմբերին հրապարակած տեսանյութում խոսում է նաև Կամո Հայրապետյանը, որը այդ ժամանակահատվածում բնակվել է լքված առևտրի կենտրոնում և մարդասիրական օգնություն ստացել Կարմիր խաչից։ Նրա տեսքը բավականին փոխվել է։
ԿԽՄԿ աշխատակիցները պարբերաբար այցելել են Հայրապետյանին և մյուս արցախցիներին՝ ապահովելով նրանց հիմնական կարիքները սննդի, հագուստի և առաջին անհրաժեշտության իրերի տեսքով։
Մուշեղ Գրիգորյանը, որին Արցախում ճանաչում էին «Գիպսի Միշիկ» մականունով, մինչև պատերազմը Ստեփանակերտում զբաղվել է գիպսից պատրաստված արձանիկների վաճառքով։ 2023-ի սեպտեմբերին՝ արցախահայության բռնի տեղահանումից հետո, նա չի հեռացել՝ նախընտրելով մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ստեփանակերտում։
Այս որոշումը, ինչպես և Կամո Հայրապետյանի դեպքում, հետագայում հանգեցրեց նրան, որ Գրիգորյանը հայտնվեց ադրբեջանական քարոզչական մեքենայի ուշադրության կենտրոնում՝ դառնալով Բաքվի հայտարարությունների խոսափող:
2023-ի հոկտեմբերին ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Ստեփանակերտում նկարահանված տեսանյութ, որում Մուշեղ Գրիգորյանը պատմում է Ղարաբաղում մնալու իր որոշման մասին՝ միաժամանակ վիրավորական արտահայտություններ հնչեցնելով հայերի նկատմամբ։
2023-ի սեպտեմբերին Արցախի հայաթափումից հետո, ըստ տարբեր տվյալների, տարածքում մնացել են շուրջ մեկ տասնյակից ավելի հայեր։ Նրանց մի մասը հետագայում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեղափոխվել է Հայաստան, սակայն որոշները, այդ թվում՝ Մուշեղ Գրիգորյանը և Կամո Հայրապետյանը, մնացել են Արցախում։
Ադրբեջանական Apa.az գործակալությունը 2023-ի հոկտեմբերին հայտնել է, որ Ստեփանակերտում ստեղծվել է խնամքի կենտրոն «բնակչության խոցելի խմբերի ներկայացուցիչների համար»։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
comment.count (0)