Ուղերձներն արդեն բավարար չեն, անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գործողություններ. Արարատ Միրզոյանը՝ լեհ գործընկերոջը
19:11 - 23 օգոստոսի, 2023

Ուղերձներն արդեն բավարար չեն, անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գործողություններ. Արարատ Միրզոյանը՝ լեհ գործընկերոջը

Օգոստոսի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նախարար Միրզոյանն իր լեհ գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավելի շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող ճգնաժամը: ԱԳ նախարարն ընդգծել է, որ ԼՂ-ում գրեթե բոլոր բնագավառներում խաթարված են կենսագործունեության համար բավարար պայմանները, և խախտված են 120000 բնակչության նույնիսկ տարրական իրավունքները: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ մինչ շրջափակումը սպառվող սննդամթերքի շուրջ 90%-ը ներկրվում էր Հայաստանից. այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ոչ միայն չի ստանում այդ մատակարարումները, այլև զրկված է նույնիսկ ԿԽՄԿ միջոցով հնարավոր հումանիտար աջակցությունից: 

ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ԼՂ-ն էթնիկ զտումների ենթարկելու՝ Ադրբեջանի մտադրության կանխման հրամայականը՝ շեշտելով, որ ուղերձներն արդեն բավարար չեն, և անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գործողություններ:

Վերահաստատելով Հարավային Կովկասում կայունության հաստատման հարցում հայկական կողմի հանձնառությունը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ հրահրելով՝ Ադրբեջանը խոչընդոտում է այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության, այդ թվում՝ ԵՄ ջանքերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել