Համացանցում տարածվել է տեսանյութ՝ ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
Տեսանյութի առնչությամբ ՆԳՆ-ից հայտնում են՝ օգոստոսի 31-ին՝ ժամը 1։40-ին, Երևանի պարեկները Թամանցիների փողոցում, սպանության սպառնալիքի հիմքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ, 45-ամյա մի տղամարդու, որը նշված վայրում ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով սպառնացել էր մի կնոջ:
Պարեկները ձերբակալվածին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Բաժնի մուտքի մոտ տղամարդը հարվածել է ոստիկանին և իր մոտ եղած դանակը նետել գետնին:
Ոստիկանության բաժնում տղամարդը դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ միջանցքում կոտրել ապակիներ, վնասել ձեռքը:
Տղամարդուն բուժօգնություն ցույց տալու համար կանչվել է շտապօգնություն: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Դանակը հայտնաբերվել և առգրավվել է: Քննիչի որոշմամբ՝ տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը, ինչպես նաև նրանց կողմից կարգապահական բնույթի խախտումներ թույլ տալու կամ չտալու հանգամանքները պարզելու համար’ ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության վարչությունում դեպքի առթիվ կատարվում է ծառայողական քննություն: Արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Ավելի վաղ Դանիել Իոաննիսյանն էր տարածել տեսանյութ, որտեղ երևում է գետնին ընկած արնաշաղախ քաղաքացին, որի դաստակները երկու ոստիկան սեղմում են՝ հավանաբար արնահոսությունը կանգնեցնելու համար:
comment.count (0)