«Ինձ փոխանցեցին՝ Բաքվից սպառնացել են, որ նախագահի ընտրության անցկացման դեպքում կդիմեն ուժի»․ Սամվել Բաբայանը հայտնում է ակցիա չանցկացնելու որոշումը
15:58 - 09 սեպտեմբերի, 2023

«Ինձ փոխանցեցին՝ Բաքվից սպառնացել են, որ նախագահի ընտրության անցկացման դեպքում կդիմեն ուժի»․ Սամվել Բաբայանը հայտնում է ակցիա չանցկացնելու որոշումը

Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել՝ ԱՀ ազգային ժողովում Հանրապետության նախագահի ընտրության կապակցությամբ։

«Հարգելի հայրենակիցնե´ր,

Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Հանրապետության հինգերորդ նախագահ է ընտրվել Սամվել Շահրամանյանը, ինչի կապակցությամբ իմ և իմ ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության անունից շնորհավորում եմ և մաղթում, որ անշեղ հավատարմությամբ իրականացնեք Ձեզ առաջադրած քաղաքական ուժերի նախանշած «կարմիր գծերի» քաղաքականությունը:

Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ երեկ ուշ երեկոյան Հանրապետության նախագահի պաշտոնակատարի և քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում ինձ խնդրել են ձեռնպահ մնալ քաղաքական ակցիայից, քանի որ, ինչպես ինձ փոխանցեցին, Բաքվից կապ են հաստատել իրենց հետ և սպառնացել, որ նախագահի ընտրության անցկացման դեպքում կդիմեն ուժի:

Լիովին վստահ չլինելով, որ ինձ փոխանցվում է ամբողջական տեղեկատվություն, կայացրել եմ ակցիա չանցկացնելու որոշում, որպեսզի հնարավոր անցանկալի զարգացումները չվերագրվեն «Միասնական հայրենիք» կուսակցության «արկածախնդրությանը»։

Համակողմանիորեն գնահատելով ներքին և արտաքին քաղաքական միջավայրը՝ հայտարարում եմ, որ Արցախի ճակատագիրի ողջ ծանրությունը հետայսու կրում են օտրերկրա ազդեցությամբ և շահով առաջնորդվող քսաներկու պատգամավորները, նրանց կողմից առաջադրված և ընտրված նախագահն ու այս գործընթացի կնքահայրերը։

Հայրենակիցնե´ր,

«Միասնական հայրենիք» կուսակցությունը՝ որպես քաղաքական հակակշիռ, իմ ղեկավարությամբ շարունակելու է իրացնել իր ներկայացուցչական մանդատը։ Իսկ դեմքերի և դեպքերի օբյեկտիվ գնահատականը ժամանակն է տալու»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Արցախի խորհրդարանը 22 կողմ, 1 դեմ ձայներով, գաղտնի քվեարկությամբ Սամվել Շահրամանյանն ընտրել է Արցախի Հանրապետության նախագահ։

Նրա թեկնածությունը առաջադրել էին «Ազատ հայրենիք - ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները։

«Միասնական հայրենիք» խմբակցությունը առաջադրել էր Սամվել Անդրանիկի Բաբայանի թեկնածությունը, սակայն թեկնածության առաջադրման մասին դիմումն ու դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձվել էին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել