Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մատակարարումների հրատապ անհրաժեշտություն կա. Բլինքեն
 |1lurer.am|
11:35 - 11 սեպտեմբերի, 2023

Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մատակարարումների հրատապ անհրաժեշտություն կա. Բլինքեն |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը հրապարակել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը, որում նա խորին մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասի իրադրության կապակցությամբ:

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում արագ վատթարացող հումանիտար իրավիճակով։ Մենք նշում ենք, որ մարդասիրական պաշարները տեղակայված են ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիների մոտ, և կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ և միաժամանակ բացել երկու միջանցքները՝ թույլ տալու ծայրահեղ անհրաժեշտ մարդասիրական բեռների մատակարարումները Լեռնային Ղարաբաղի տղամարդկանց, կանանց և երեխաներին։ Մենք նաև կոչ ենք անում ղեկավարներին՝ չձեռնարկել որևէ գործողություն, որը մեծացնում է լարվածությունը կամ շեղում այդ նպատակից: Վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է:

Հարավային Կովկասում վերջին լարվածության աճի ֆոնին, Միացյալ Նահանգները կշարունակի վճռականորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ լուծելու առկա խնդիրներն ուղղակի երկխոսության միջոցով՝ հասնելու արժանապատիվ և կայուն խաղաղության: Մենք հաստատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Մենք նաև խրախուսում ենք երկխոսությունը Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակիչների միջև։

Միացյալ Նահանգները նաև վերահաստատում է, որ առաջընթացի միակ ճանապարհը խաղաղությունը, երկխոսությունն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա»,- ասված է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել