Ռուսաստանը կվերլուծի՝ ինչու է Հայաստանը զորավարժություններ անցկացնում ԱՄՆ-ի հետ. Պեսկով
 |aravot.am|
15:36 - 11 սեպտեմբերի, 2023

Ռուսաստանը կվերլուծի՝ ինչու է Հայաստանը զորավարժություններ անցկացնում ԱՄՆ-ի հետ. Պեսկով |aravot.am|

aravot.am: Ռուսաստանը կվերլուծի՝ ինչու է Հայաստանը որոշում կայացնում զորավարժություններ անցկացնել ԱՄՆ-ի, և ոչ թե ՀԱՊԿ-ի հետ: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ այդ վերլուծությունը կարվի Երևանի հետ երկխոսության միջոցով: «Այն ֆոնին, որ Հայաստանը ցանկություն չհայտնեց զորավարժություններ անցկացնել ՀԱՊԿ-ի հետ և հիմա ցանկություն է հայտնում զորավարժություններ անցկացնել ամերիկացիների հետ, թերևս մեզ համար դա որոշում է, որը պահանջում է միանգամայն խորը վերլուծություն՝ հասկանալու համար՝ ինչու է Հայաստանը նման որոշում կայացնում, ինչ նպատակներ է հետապնդում»,- ասել է Պեսկովը: Նա ընդգծել է, որ Մոսկվան դա «կիմաստավորի և կհասկանա»: «Բայց ամեն դեպքում այդ ամենը կանենք հայկական կողմի հետ սերտ, գործընկերային շփման միջոցով»,- ասել է Պեսկովը: Նա նաև նշել է, որ թեև «արևմտամետ վերլուծաբանները» խոսում են Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկության մասին, Մոսկվան այդ ուղղությամբ որևէ պաշտոնական ազդակ չի ստացել Հայաստանից:

«Մենք բազմաթիվ դատողություններ են տեսել այդ թեմայով, այդ թվում, Հայաստանում գործող, այսպես ասենք, արևմտամետ տրամադրված վերլուծաբաններ բազմիցս նման դատողություններ են արել: Բայց այդ առումով մենք որևէ պաշտոնական ազդակ չենք ստացել»,- ասել է Պեսկովը: Հարցին՝ արդյոք Ռուսաստանը պատրաստ է պաշտպանելու Հայաստանին, եթե այդ երկրի տարածքը հարձակման ենթարկվի՝ Պեսկովը պատասխանել է. «Եթե խոսքը գնում է Հայաստանի տարածքի մասին, դուք գիտեք՝ մենք պարտավորություններ ունենք ՀԱՊԿ գծով: Դուք նաև գիտեք, որ այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991թ. սահմաններով, այնտեղ որոշ բաներ թեթևակի փոխվել են, դրա համար դա պետք է հստակեցնել: Դա եղել է Երևանի որոշումը»: Այնուամենայնիվ, նա նշել է, որ Ռուսաստանը չունի մտավախություն՝ կորցնելու Հայաստանը որպես դաշնակից:

Ըստ Պեսկովի՝ Մոսկվան ու Երևանը շարունակում են մնալ մոտ դաշնակիցներ: «Ոչ, մենք եղել ենք և հիմա էլ վստահ ենք, որ Հայաստանի հետ կլինենք շատ մոտ դաշնակիցներ և գործընկերներ: Մենք կարող ենք ունենալ որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծել, բայց դրանք լուծել պետք է երկխոսության շրջանակում, քանի որ երկու երկրների զարգացման և ազգային շահերի տրամաբանությունը թելադրում է խորացնել մեր դաշնակցային և գործընկերային հարաբերությունները»,- ասել է Պեսկովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել