Ընդդիմադիր պատգամավորը պնդում է, որ Փաշինյանը խեղաթյուրում է միջազգային փաստաթղթերի բովանդակությունը
 |hetq.am|
18:43 - 13 սեպտեմբերի, 2023

Ընդդիմադիր պատգամավորը պնդում է, որ Փաշինյանը խեղաթյուրում է միջազգային փաստաթղթերի բովանդակությունը |hetq.am|

hetq.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Հանրային հեռուստաընկերության եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի այն հատվածին, որ վերջինս հայտարարել էր, թե Ալմա Աթայիի հռչակագիրը Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացվել է 1992թ. փետրվարին, այն Հայաստանի օրենսդրության անբաժանելի մասն է: Պատգամավորը նշեց, որ վարչապետի այդ պնդումը իրականության հետ որևէ աղերս չունի: Հայաստանը չի վավերացրել այդ հռչակագիրը և որևէ երկիր չի վավերացրել այդ հռչակագիրը՝ ոչ վերապահումներով, ոչ՝ առանց, հետևաբար չի հանդիսանում Հայաստանի օրենսդրության անբաժանելի մաս:

Արթուր Խաչատրյանն ասաց, որ Հայաստանը 1992թ․ վավերացրել է Ալմա Աթայում ստորագրված մեկ այլ փաստաթուղթ: Պատգամավորը ցույց տվեց մի փաստաթուղթ, որը արձանագրություն էր Հայաստանը Մինսկի համաձայնագրին միանալու մասին: Նա պնդեց, որ դա է վավերացվել, այլ ոչ թե հռչակագիրը:

Պատգամավորը մատնանշեց մի շարք փաստաթղթեր, որոնք վավերացվել են Հայաստանի կողմից: Նա կասկածեց, որ 5 տարվա Հայաստանի ղեկավար Փաշինյանը հույժ կարևոր մանրամասներին ծանոթ չլինի: Ա. Խաչատրյանի դիտարկմամբ՝ իրականության աղճատումը մեկ նպատակ է հետապնդում՝ չնդունել սեփական մեղքը և սեփական ձախողումների համար ժամանակի և տարածության մեջ փնտրել մեղավորներ:

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը վարչապետից հետաքրքրվեց, թե ե՞րբ Ալմա Աթայի հռչակագիրը դարձավ Արցախի հակամարտության հիմք և ո՞վ է դրա նախաձեռնողը:

Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին նշեց, որ գուցե արձանագրության մասով ձևակերպումների հարցում ճշգրիտ չի եղել, սակայն բառի բուն իմաստով ճշգրիտ է եղել: Վարչապետը մատնանշեց Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը և խնդրեց իր հեռախոսը, որպեսզի նրա հայտարարությունը գտնի՝ համոզելու համար, որ Արցախի բանակցությունների հիմք դարձել է շատ վաղուց՝ 1991 թվականից: 

Արթուր Խաչատրյանն էլ հակադարձեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը իրավական հիմք չէ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել