Էսկալացիայի սցենարը հնարավոր չէ բացառել, սակայն մոբիլիզացված ուժերը պետք է վերադառնան իրենց բազաները․ ՀՀ վարչապետ |armenpress.am|
22:23 - 13 սեպտեմբերի, 2023

Էսկալացիայի սցենարը հնարավոր չէ բացառել, սակայն մոբիլիզացված ուժերը պետք է վերադառնան իրենց բազաները․ ՀՀ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Ե՛վ ադրբեջանական, և՛ հայկական զորքերը բարձր զգոնության են բերվել ընդհանուր սահմանի երկայնքով՝ վերջին օրերին տեղի ունեցած բախումների ու ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հայտարարության ֆոնին, որում նշվել է սահմանի երկայնքով աճող լարվածության և փոխհրաձգությունների մասին:

Այդ մասին հայտնել է POLITICO պարբերականը՝ վկայակոչելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն տեսակետը, ըստ որի՝  էսկալացիայի սցենարը հնարավոր չէ բացառել, սակայն մոբիլիզացված ուժերը պետք է վերադառնան իրենց բազաները։ Հայաստանը պատրաստ է դա անել։

Պարբերականի փոխանցմամբ՝ ՀՀ Վարչապետը վերահաստատել է իր աջակցությունը ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի միջնորդությամբ անցկացվող բանակցություններին՝ Ադրբեջանի հետ տասնամյակների հակամարտությունից հետո խաղաղ համաձայնագրի հասնելու ջանքերի համար:

«Եթե մենք ուզում ենք ունենալ հարատև, հավերժ պետականություն, առաջին հերթին պետք է շատ լուրջ քայլեր ձեռնարկենք և շատ լուրջ ջանքեր ներդնենք մեր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու, մինչև արևմտյան տերությունները դիտվեն որպես Հայաստանին անհրաժեշտ լիակատար աջակցություն առաջարկող պետություններ։ Մեր գործընկերները՝ ԵՄ-ն և Միացյալ Նահանգները, նույնպես աջակցում են մեզ, երբ խոսքը վերաբերում է ժողովրդավարական բարեփոխումներին, բայցևայնպես չեմ կարող ասել, որ աջակցությունն ու օգնությունը, որ մենք ստանում ենք, բավարար են մեր նպատակներին և օրակարգերին ծառայեցնելու համար»,- ՀՀ վարչապետի խոսքը մեջբերել է  POLITICO պարբերականը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել