Հյուրասիրության դեպքեր տեղամասերում
14:28 - 17 սեպտեմբերի, 2023

Հյուրասիրության դեպքեր տեղամասերում

Մեր լրագրողները երկու տեղամասում արձանագրել են հանձնաժողովների ադնամներին հյուրասիրություն կատարելու դեպքեր։

10/17 տեղամասում հանձնաժողովի անդամները բարձրաձայն քննարկում էին, թե ինչ ուտելիք պատվիրել ընդմիջման համար։ Ի վերջո շաուրմա պատվիրեցին։ Հանձնաժողովի անդամներից մեկը, որը նշանակված է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվոտայով, ասաց՝ ՔՊ-ն իրենց ուտելիք է ուղարկում, որը շուտով կհասնի։ Հանձնաժողովի նախագահը, որը նշանակված է «Հայաստան» դաշինքի քվոտայով, նրան զգուշացրեց, որ լռի, քանի որ գովազդ է անում։ Դրանից հետո հանձնաժողովի անդամները որոշեցին ուտելիքի պատվերը չեղարկել։

Մի քանի րոպե անց հանձնաժողովի՝ ՔՊ քվոտայով նշանակված անդամը դուրս եկավ և ուտելիքները ձեռքին վերադարձավ, ապա դրանք տեղավորեցին սենյակում ու ասացին՝ ով ուզում է, կարող է գնալ և ուտել։ Հանձնաժողովի անդամներից մեկի հարցին, թե ինչ ուտելիք է, նախագահը պատասխանեց՝ հյուրասիրություն է։ 

Մեր լրագրողի հարցին, թե ում կողմից է հյուրասիրությունը, նախագահը պատասխանեց՝ եթե ես հիմա այդ անունն ասեմ, քարոզչություն կլինի։ Լրագրողն առաջարկեց քվեարկության սենյակից դուրս գալ, և դուրս գալուց հետո հանձնաժողովի նախագահն ասաց, որ հյուրասիրությունն իշխող կուսակցությունից է։

2/9 տեղամասում «Հանրային ձայն» կուսակցության վստահված անձը ուտելիքի տոպրակներով մտավ ընտրատեղամաս, կանչեց հանձնաժողովի նախագահին՝ Սարգիս Մազմանյանին, որը նշանակված է ՔՊ քվոտայով։ Ընտրատեղամասը երկար միաջանցքում է, որի մի հատվածում ընտրությունն է, մյուս հատվածը տանում է շենքի այլ կորպուս։ Նախագահը թևը գցեց վստահված անձի ուսին, միասին միջանցքով գնացին մյուս կորպուս, որտեղ ընդմիջումը պիտի տեղի ունենար, ուտելիքը թողեցին այնտեղ ու վերադարձան։


2/9 տեղամասում

Այս պահին Նախագահն ու վստահված անձը գնացել են այդ սենյակ ընդմիջման։

 

Գլխավոր լուսանկարը՝ 10/17 տեղամասից

Լյուսի Մանվելյան,
Ջուլիետտա Հովհաննիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել