Նոր սերնդի թղթադրամները նմանակող հուշանվերային «թղթադրամները» վճարամիջոց չեն. ՀՀ ԿԲ
18:34 - 18 սեպտեմբերի, 2023

Նոր սերնդի թղթադրամները նմանակող հուշանվերային «թղթադրամները» վճարամիջոց չեն. ՀՀ ԿԲ

Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ հայտնաբերվում են հուշանվերային «թղթադրամներ», որոնք իրենց չափերով, դիմերեսի և դարձերեսի արտաքին պատկերներով նմանակում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված նոր սերնդի թղթադրամները: Նշված հուշանվերային «թղթադրամների» դիմերեսին մանր տառաշարով առկա է «THIS NOTE IS NOT A LEGAL TENDER», իսկ դարձերեսին՝ «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառումը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԲ-ից, նշված հուշանվերային «թղթադրամները» օրինական վճարամիջոց չեն, և դրանցով վճարում կատարելու յուրաքանչյուր փորձ օրենքով սահմանված կարգով պատժելի է։ Նշված հուշանվերային «թղթադրամները» պատրաստված են ՀՀ օրենսդրության խախտումներով։

Ըստ աղբյուրի՝ համաձայն «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքի 45-րդ հոդվածի՝ «Գովազդի կամ այլ նպատակներով Հայաստանի Հանրապետու­թյան թղթադրամի պատկերը թղթի վրա արտապատկերված ձևով օգտագործելու դեպքում օգտագործվող պատկերի գծային չափերը (լայ­նու­­թյունը և երկարությունը) պետք է փոքր կամ մեծ լինեն դրա՝ Կենտրոնական բանկի սահմանած իրա­կան չափերից առնվազն 25 տոկոսով»:

Նշվում է, որ հուշանվերային «թղթադրամը» ՀՀ կենտրոնական բանկի թողարկման թղթադրամից զանազանելու մանրամասներին, ինչպես նաև 20000 դրամանոց դրամանիշի պաշտպանական հատկանիշներին կարելի է ծանոթանալ այստեղ, 20000 դրամանոց դրամանիշի պաշտպանական հատկանիշները ներկայացված են նաև տեսանյութում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել