Ոչ ռեզիդենտների ավանդների կտրուկ աճը Հայաստանի բանկերում դադարել է
 |hetq.am|
15:04 - 19 հունվարի, 2024

Ոչ ռեզիդենտների ավանդների կտրուկ աճը Հայաստանի բանկերում դադարել է |hetq.am|

hetq.am: 2023 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանի բանկերում պահվող ավանդները ընդհանուր առմամբ կազմել են 5 տրլն 619 մլրդ դրամ։ Մեկ տարում՝ 2022-ի նոյեմբերի դրությամբ գրանցված ցուցանիշի համեմատ, ավանդների ծավալն աճել է մոտ 667 մլրդ դրամով կամ 13.5%-ով։

Կենտրոնական բանկի տվյալները ցույց են տալիս, որ ավանդների աճը բացառապես ռեզիդենտների հաշվին է։ Այս ընթացքում օտարերկրյա քաղաքացիների՝ ոչ ռեզիդենտների ավանդները կրճատվել են։

Ոչ ռեզիդենտների ավանդները նվազել են 0.7%-ով, ռեզիդենտներինը՝ աճել 19%-ով

2023 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ ոչ ռեզիդենտների ավանդները Հայաստանի բանկերում կազմել են 1 տրլն 388 մլրդ դրամ։ Մեկ տարում ոչ ռեզիդենտների ավանդների ծավալը կրճատվել է մոտ 10 մլրդ դրամով կամ 0.7%-ով։

2022 թվականին Հայաստանի բանկերում օտարերկրյա քաղաքացիների՝ ոչ ռեզիդենտների ավանդների կտրուկ աճ գրանցվեց (մոտ 60%)։

Ոչ ռեզիդենտների ավանդների վիճակագրության մեջ չի առանձնացվում, թե որ երկրների քաղաքացիների ավանդներն են դրանք: Սակայն, ենթադրվում էր, որ այստեղ էական դեր են ունեցել ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները՝ այնպես, ինչպես Հայաստանի երկնիշ տնտեսական աճի հարցում:

Սակայն, հաջորդող տարում՝ 2023-ին, այդ տեմպը չի պահպանվել։ Օտարերկրյա քաղաքացիների ավանդները հայաստանյան բանկերում ոչ միայն չեն ավելացել, այլև՝ նվազման միտում է գրանցվել։ Թեև հարկ է նկատել, որ սեպտեմբերից հետո՝ հոկտեմբեր-նոյեմբերին, ոչ ռեզիդենտների ավանդների աճ է նկատվում, սակայն դրանք դեռևս չեն հասել տարվա սկզբի մակարդակին։

«Ռելոկանտները Հայաստանի բանկերում զգալի ծավալի ավանդներ են պահում, բայց առավելապես ցպահանջ, ոչ թե ժամկետային»,- դեռևս 2023-ի հունիսին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Ցպահանջ ավանդների պարագայում հաճախորդն իրավունք ունի առաջին իսկ պահանջով հետ վերցնել գումարները բանկից։ Իսկ ժամկետային ավանդները որոշակի ժամկետով են և դրանից շուտ քաղաքացին կամ չի կարողանում գումարը հանել, կամ բանկը կարող է դրա դիմաց կուտակված տոկոսավճարներն ամբողջությամբ չտալ։ Ռուսաստանցիների կողմից ավանդները ցպահանջ պայմանով բանկերին ի պահ տալը, ըստ էության, նշանակում է, որ նրանք անորոշ ժամկետով են իրենց գումարները պահում հայկական բանկերում։

2023-ի կեսերին արդեն նկատվում էր ռեզիդենտների ավանդների աճի դանդաղում։ ԿԲ նախագահի խոսքով՝ հնարավոր է՝ այստեղ նաև տեխնիկական գործոն կա։ Այսինքն՝ բանկերը ռուսաստանցիներին ոչ ռեզիդենտներից կարող են ռեզիդենտների շարք «տեղափոխել», քանի որ վերջիններս, հնարավոր է, ստացել են համապատասխան կարգավիճակ։ Այս վարկածը, սակայն, դեռևս չի հաստատվել։

Ինչ վերաբերում է ռեզիդենտների ավանդներին՝ 2023 թվականի նոյեմբերի դրությամբ դրանք կազմել են 4 տրլն 231 մլրդ դրամ՝ մեկ տարում աճելով մոտ 677 մլրդ դրամով կամ 19%-ով։

Ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների ավանդների ծավալը՝ վերջին երկու տարում, նշված ամսվա դրությամբ։ Հիշեցնենք, որ սա «կուտակային» թիվ է, այսինքն՝ ոչ թե նշված ամսում այդքան ավանդ են ներգրավվել բանկերը, այլ դա ներառում է նաև մյուս տարիներին ներգրավված ավանդները, հանված են վերադարձված ավանդները։

Ցպահանջ ավանդներն ավելի արագ են աճում

Հայաստանյան բանկերում այս պահի դրությամբ գերակշռում են դրամային ավանդները։

2023 թվականի վերջի դրությամբ ռեզիդենտների 4 տրլն 231 մլրդ դրամ ավանդներից 58%-ը ՀՀ դրամով են, 42%-ը՝ արտարժույթով:

Նկատվում է, որ ցպահանջ ավանդները բանկերում ավելի արագ են աճում, քան ժամկետային ավանդները, ինչը կարող է նշանակել, որ քաղաքացիները ավելի զգուշավոր են դարձել։ Թեև ժամկետային ավանդների տոկոսադրույքները, որպես կանոն, ավելի բարձր են լինում, սակայն ավելի արագ են աճում ցպահանջ ավանդները, քանի որ քաղաքացիները դրանք կարող են իրենց հարմար պահի հանել բանկերից։

Մասնավորապես, ռեզիդենտների դրամով ավանդները 2023-ի նոյեմբերի դրությամբ կազմել են 2 տրլն 474 մլրդ դրամ, որից 1 տրլն 146 մլրդ դրամը ցպահանջ ավանդներ են, որոնք մեկ տարում  աճել են 28.4%-ով։ Իսկ 1 տրլն 328 մլրդ դրամը ժամկետային ավանդներն են, աճը՝ 20.1%:

Արտարժույթով ավանդների պարագայում ևս ցպահանջ ավանդներն ավելի արագ են աճում (աճը՝ 17%), քան ժամկետային ավանդները (9%)։

Ընդ որում՝ ցպահանջ ավանդները ոչ միայն տոկոսային առումով են ավելի արագ աճել, այլև՝ բացարձակ թվով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել