Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի նախագահին և վարչապետին Անկախության օրվա առթիվ
12:40 - 21 սեպտեմբերի, 2023

Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի նախագահին և վարչապետին Անկախության օրվա առթիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին ու ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ Անկախության օրվա առթիվ։ Խաչատուրյանին ուղղված ուղերձում Լուկաշենկոն ասել է. 

«Մինսկն ու Երևանը պատմական կարճ ժամանակամիջոցում կարողացել են կառուցել միջպետական համագործակցության ամբողջական ճարտարապետություն, ապահովել առևտրատնտեսական կապերի բարձր մակարդակ, ամրապնդել գործընկերությունն ինտեգրացիոն կառույցների շրջանակում՝ ստեղծելու հուսալի հիմք մեր երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար»: 

Լուկաշենկոն հույս է հայտնել, որ համատեղ նախագծերի բարեհաջող իրագործումը երկու երկրների համար կբացի «աճի նոր հնարավորություններ, կնպաստի հայ-բելառուսական բազմակողմ գործակցության աճին»:

Փաշինյանին ուղղված ուղերձում Լուկաշենկոն փաստել է, որ երկու երկրներին կապում են ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք դարձել են բոլոր ոլորտներում կառուցողական փոխգործակցության հիմք: Լուկաշենկոն նաև մատնանշել է մեքենաշինության, անտառատնտեսության, տրանսպորտային և շինարարության ոլորտներում բարեհաջող զարգացումը:

«Վստահ եմ, որ բեղմնավոր երկկողմ կապերը հետագայում էլ կնպաստեն մեր երկու երկրների միջև սերտ գործընկերության ներուժի արդյունավետ օգտագործմանը և բազմապատկմանը»,- նշել է Լուկաշենկոն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել