Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգության օբյեկտների կանխամտածված ոչնչացումը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլ՝ ողջ մարդկության համար. Վահե Գևորգյան
10:24 - 23 սեպտեմբերի, 2023

Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգության օբյեկտների կանխամտածված ոչնչացումը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլ՝ ողջ մարդկության համար. Վահե Գևորգյան

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի ելույթը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը.

Մենք շնորհակալություն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական նիստն անցկացնելու համար, որը կարևոր հնարավորություն է գնահատելու ընդհանուր պատմական և մշակութային ժառանգության խթանման ուղղությամբ մեր համագործակցության առաջընթացը և բացահայտելու այս համատեքստում առկա բացերը:

Հայաստանն արժևորում է Ֆորումը որպես մշակութային երկխոսության և համագործակցության համար առանցքային հարթակ, որն ի զորու է հասցեագրել այն էական մարտահրավերները, որոնց բախվում է մեր շարունակապես գլոբալացվող աշխարհը: Մենք հանձնառու ենք ակտիվորեն աջակցելու և նպաստելու հավաքական ջանքերին՝ ուղղված միջմշակութային երկխոսության, փոխըմբռնման և հանդուրժողականության ամրապնդմանը:

Ցավոք, հայկական մշակութային ժառանգությունը բախվում է շարունակական ոչնչացման, պղծման և յուրացման Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածքներում, որոնք 2020 թվականի պատերազմից հետո անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Տարածաշրջանում Հայաստանի քաղաքակրթական ներկայությունը ջնջելու իր անողոք արշավի միջոցով Ադրբեջանը ձգտում է ժխտել այդ ժառանգության բուն էությունը:

Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգության օբյեկտների կանխամտածված ոչնչացումը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլ՝ ողջ մարդկության համար: Այն պահանջում է միանշանակ դատապարտում և վճռական պատասխան։ Մենք խորապես գնահատում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկը՝ անկախ փորձագիտական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ. առաքելություն, որին Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտել է։

Բնիկ հայ բնակչության ժառանգության դեմ իրականացված էթնիկ և կրոնական ատելության հիման վրա իրականացված մշակութային ցեղասպանությունը հանդիսանում է իրենց նախնիների հայրենիքում հայերին արմատախիլ անելու պետական քաղաքականության ավելի լայն պատկերի մի մաս՝ կյանքի հետ անհամատեղելի պայմաններ ստեղծելու միջոցով:

Իմ ելույթի պահին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր նախնիների հողում պայքարում է իր գոյության համար։ Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն առանց որևէ դրդապատճառի սանձազերծեց հերթական լայնամասշտաբ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժգնղովրդի նկատմամբ։ Ծանր ռազմական տեխնիկայի միջոցով Ստեփանակերտի և Լեռնային Ղարաբաղի գրեթե բոլոր մյուս քաղաքների ու բնակավայրերի զանգվածային և թիրախավորված հրետակոծության արդյունքում գրանցվել են մեծ ավերածությունները և մարդկային ծանր կորուստներ․ տասնյակ սպանվածներ, հարյուրավոր վիրավորներ՝ ներառյալ քաղաքացիական բնակչության շրջանում՝ որոնցից 7-ը՝ երեխա, 3-ը՝ կին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել