Ավտոմեքենաների մաքսազերծման համար մոտ 3 կմ-անոց հերթեր Գյումրիում |shantnews.am|
06:25 - 29 հոկտեմբերի, 2019

Ավտոմեքենաների մաքսազերծման համար մոտ 3 կմ-անոց հերթեր Գյումրիում |shantnews.am|

shantnews.am: Մինչ Գյումրու նոր ավտոմաքսատան շինաշխատանքների ավարտը, Բավրայի և Բագրատաշենի անցակետերով Հայաստան ներմուծվող մեքենաների մաքսազերծումը կազմակերպվում է հյուսիսային մաքսատուն-վարչությունում:

Հոկտեմբերի 14-ից Գյումրիում սկսվեց Վրաստանից և Ճապոնիայից ներկրվող մեքենաների մաքսազերծումը, իսկ հոկտեմբերի 21-ից արդեն այստեղ են կատարվում նաև ինքնաշարժ եղանակով Հայաստան մուտք գործած մարդատար մեքենաների մաքսային ձևակերպումները: Հյուսիսային մաքսատուն-վարչությունում մեքենաների հերթեր են: Մաքսատունն աշխատում է ծանրաբեռնված՝ օրական մինչև 400 մեքենայի մաքսազերծում են ձևակերպում: Սա հյուսիսային մաքսատուն-վարչության համար աննախադեպ ծավալ է:

Մաքսազերծման համար հերթ կանգնած մեքենաների շարասյունը Գյումրիում երեկ ձգվում էր մոտ 3 կմ, Շիրակացի փողոցում գտնվող մաքսատան տարածքից մինչև Անի թաղամասի վերջնամաս։

Ավտոմեքենա ներկրողներից ոմանք դեռ երեկ նախորդ օրվա ուշ երեկոյից են սպասում մաքսազերծմանը: Սա այն դեպքն է, երբ հերթը հաշվվում է ոչ թե մարդկանց քանակով, այլ ավտոմաքսատան վարչությունից ունեցած հեռավորությամբ: Խցանումներում են ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի, Ղազախստանի քաղաքացիներ:

Մաքսազերծման սպասողների մեծ հերթ է գոյացել այն պատճառով, որ Հայաստան ներմուծվող մեքենաների քանակն է մեծացել: Ու նաև ինքնաշարժ եղանակով Բավրայի և Բագրատաշենի մաքսակետերով Հայաստան ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծումը միայն Գյումրիում է կատարվում: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանը տարանցիկ երկիր է դարձել նաև ԵԱՏՄ երկրների ավտոներկրողների համար:

 

Ներկրողները մի քանի տասնյակ մեքենա են միանգամից բերում: Նրանք մաքսազերծման համար մի քանի օր են Գյումրիում անցկացնում: Այդ նպատակով Գյումրիում բնակարաններ են վարձել: Սպասվում է, որ ավտոմեքենաների ներկրումների ծավալներն էլի կավելանան, ինչին Հյուսիսային մաքսատանը պատրաստ են:

Հյուսիսային մաքսատուն-վարչության պետ Ռուսլան Գրիգորյանի խոսքերով՝ մինչ այս որոշումը, Հյուսիսային մաքսատանը օրական 50 մեքենա էր մաքսազերծվում, իսկ հիմա մինչև 400, ու սա առավելագույն քանակը չէ: Իսկ այսօրվա վիճակագրությունն այսպիսին էր, որ 3 ժամում 250 մեքենա էին մաքսազերծել: Ավտոներկրողները ևս մաքսային ձևակերպումների տևողությունից դժգոհ չէին ու ամեն ինչ համեմատության մեջ է: Ասում են` հիմա մաքսային ձևակերպումներն ավելի արագ ու հեշտ են կատարվում, քան, ասենք, 1 տարի առաջ Երևանում:

Շարունակությունը՝ shantnews.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել