Այս բյուջեն հեղափոխական չէ, տնտեսական այս աճով կյանքը չի լավանա․ Միքայել Մելքումյան |news.am|
10:10 - 28 հոկտեմբերի, 2019

Այս բյուջեն հեղափոխական չէ, տնտեսական այս աճով կյանքը չի լավանա․ Միքայել Մելքումյան |news.am|

news.am: Շատ տրամաբանական է, որ հետհեղափոխական տարում ՀՆԱ-ի աճը հեղափոխական չէ, պահպանողական է. մենք ունենք ՀՆԱ-ի ոչ հեղափոխական աճ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովում 2020 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:

Նա նկատեց, որ ՀՆԱ/կապիտալներդրումներ հարաբերակցությունը 17.5-18 տոկոս է. «Բացատրագրում նշվածում ընդամենը 0,6 տոկոսի աճ է ենթադրում: Հիմա հարց, ինչո՞ւ է դա այդքան ցածր, ի՞նչ է, ներդրումներ չե՞նք սպասում, որ պետք է գան: Հնգամյակի համար դրված է 5 տոկոս աճ, կարո՞ղ է հաջորդ տարիներին աճի ավելի բարձր ցուցանիշներ դնեք: Ներդրումների ծավալները շատ ցածր են ցանկալի նշաձողից:

Երկրորդ. օտարերկրյա ուղղակի ներդրումները եթե 2018 թ. հունվար-հունիսին եղել են 38 մլրդ դրամ, ապա 2019-ին հունվար- հունիսին եղել է 7,8 մլրդ։ Այս ցուցանիշները այնքան հեռու են այն ցանկալի կետից, որի հիման վրա բավարար տնտեսական աճ ապահովենք»,-ասաց Մելքումյանը:

Նա անդրադարձավ նաեւ տնտեսական աճի կառուցվածքին՝ նշելով. «Ասում եք՝ աճը պահպանողական է, հիմա նայում ենք՝ արդյունաբերությունը 5 տոկոս է կազմում: Ձեր հռչակած մոտեցումները՝ ՏՏ ոլորտի հետ կապված, նույնպես չեմ փարատում մտահոգությունները, թե այդտեղ ինչ աճ ենք ունենալու: Այսինք աճի որակը եւս այն չէ: Այս աճով կյանքի որակը չի լավանում»:

Ի պատասխան Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ եթե ասում են, որ տնտեսական աճը հեղափոխական չէ, պետք է սկսել այն մասից, թե որը կլիներ հեղափոխական։ «Արդյոք հեղափոխական ասելով պատկերացնում ենք այն, որ պետք է բազմաթիվ ռիսկեր առաջացնի կայունության տեսակետից եւ հետաբար, հարցականի տակ դնի հիմնարար նպատակները, որ դրված են ասյ փոփոխությունների հիմքում: Եթե դա չի, դժվար կլիներ ակնկալել, որ այստեղ պետք է խոսենք երկնիշ-եռանիշ աճերի մասին: Իհարկե, դժվար է գնահատել պահպանողական, բայց կայունության տեսակետից ռիսկեր չառաջացնող մոտեցում է: Մեր կարծիքով, դա միակ ճանապարհն է, որը չի կարելի քննարկման առարկա դարձնել, այսինքն պետք է ունենանք կայուն միջավայր, եւ դա քննարկելի չէ»,-ընդգծեց Ջանջուղազյանը:

Ինչ վերաբերում է ներդրումներին, նախարարը նշեց, որ այո, իրենք էլ նույն կարծիքին են, որ թիվը չէ կարեւորը, եւ չեն գնում այդ ճանապարհով։ Ըստ նրա՝ միջավայրի փոփոխությամբ ենթադրվում է, որ տնտեսական հաջորդ ցիկլում կիրացվի: «Յուրաքանչյուր տնտեսվարող նոր միջավայրին հարմարվելու անհրաժեշտություն ունի։ Այն, ինչ ունենք, արդյո՞ք մեր հավակնությունն է,թե ոչ: Իհարկե ոչ: Միջինժամկետ ծրագրերում ներկայացված է այն բարձր աճի սցենարը, որը ենթադրվում է, որ այո, բոլորովին այլ մակարդակում պետք է տեսնենք բոլոր ցուցանիշների կանխատեսումները՝ 7, 8, 9 տոկոս, բայց դրան հասնելու համար պետք է բոլորս ջանք ներդնենք: Հիմա հենց այդ ուղղությամբվ ենք գործում»,-ասաց նա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել