Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել Յուրի Քիմի հետ․ քննարկվել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը, մարդասիրական օգնության հարցերը |azatutyun.am|
12:47 - 28 սեպտեմբերի, 2023

Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել Յուրի Քիմի հետ․ քննարկվել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը, մարդասիրական օգնության հարցերը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ընդունել է Միացյալ Նահանգների պետական քարտուղարի Եվրոպայի և Եվրասիիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմին:

ԱՊԱ լրատվական գործակալությունը փոխանցում է, որ հանդիպման ընթացքում «քննարկվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի իրականացրած հակաահաբեկչական գործողությունները և մարդասիրական օգնության հարցերը»:

Նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ «հայկական ապօրինի զինված խմբավորումների գործունեության դադարեցցումը ծառայելու է խաղաղությանը և կայունությանը»։

Նախարարության փոխանցմամբ, Քիմը տեղեկացվել է զինաթափման գործընթացի, հայ բնակիչների կարիքների բավարարման համար Ադրբեջանի իշխանության ձեռնարկած միջոցառումների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման բանակցությունների մասին։

Բայրամովն ընդգծել է, թե Ադրբեջանի դեմ շարունակվող զրպարտչական արշավը հիմք չունի, և Ադրբեջանի գործողությունները վտանգ չեն ներկայացնում հայ բնակիչների համար։

Ըստ նախարարի, դա ապացուցելու համար Բաքուն պատրաստ է «կազմակերպել ՄԱԿ-ի կառույցների այցը Ղարաբաղի շրջան՝ Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ղեկավարությամբ»:

Նախարարը Քիմին ասել է նաև, որ չնայած Ադրբեջանի գործադրած ջանքերին՝ հայկական կողմը շարունակում է խոչընդոտել խաղաղության գործընթացը։

Բայրամովը հավաստիացրել է, որ Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղ գործընթացով, որը պետք է հիմնված լինի երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ընդունման վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել