tert.am: Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պարզաբանեց, թե ինչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան։
Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ պետությունների գործող ղեկավարներն օժտված են իմունիտետով։
«Չեմ կարծում, թե ձերբակալելու մասին խոսք կարող է լինել։ Այն լուծումները, որոնք հիմնվում են Հռոմի ստատուտի 96-րդ հոդվածի 2-րդ մասով, առաջարկվել են մեր ռուս գործընկերներին։ Դա ենթադրում է երկկողմ համաձայնագրի ստորագրում, որը հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել այն անհանգստությունների համար, որոնք որոշ գործընկեր պետություններ կարող են ունենալ։ Տեքստը ներկայացվել է ամիսներ առաջ, սպասում ենք մեր գործընկերների առաջարկին»,-ասել է Կիրակոսյանը։
Նա չկարողացավ ասել, թե ինչու է ռուսական կողմն այդպես սուր արձագանքում Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը, նշելով, սակայն, որ այդ հարցի շուրջ լուծումներ կան։
comment.count (0)