Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 514 անձ արդեն Հայաստանում է, հաշվառված է 85 975-ը։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հրավիրված ասուլիսի ժամանակ։
Նշենք, որ այսօր առավոտյան ժամը 12։00-ի դրությամբ բռնի տեղահանվածների թիվը 100 483 էր, այսինքն՝ այս ժամերի ընթացքում եկել է 31 անձ։
Բաղդասարյանը հայտնեց նաև որ Հակարիի կամուրջը հատել է 21 106 տրանսպորտային միջոց։
Նա նաև հիշեցրեց, որ Գորիսից Ստեփանակերտ էր մեկնել ավտոբուս, որը 15 ուղևոների է բերել արդեն․ «Յուրաքանչյուր զանգի հետևից մենք գնալու ենք։ Եթե մարդիկ ուզում են տեղափոխվել Հայաստան, տեղափոխումը կատարվելու է»։
Այս մասին քիչ առաջ հայտնել է նաև Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Հաշվառված քաղաքացիների 49 տոկոսը տղամարդիկ են, 51-ը՝ կանայք։ Ընտանիքների թիվը 22 650 է, միջին ցուցանիշով 4 անդամից բաղկացած ընտանիքներ են։
ՀՀ տարբեր ԲԿ-ներում բուժում է ստանում 363 բուժառու, 214-ը՝ պայթյունից ստացված վնասվածքների պատճառով, 114-ը ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացածներն են։ Մնացյալ բուժառումները տարբեր քրոնիկ կամ թերապևտիկ խնդիրներով են ԲԿ-ներում, այդ թվում՝ սրտի ստենտավորմամբ։ Մեծ թիվ են կազմում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտները, որոնց մեջ կան նաև երեխաներ։
Հիվանդանոցներից տվյալներ ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել 8003 համարով, որը ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծն է։
Շուրջ 700 երեխայի՝ ուսումնական հաստատություններում տեղավորելու հարցը լուծվել է, բայց ընդհանուր առմամբ 20 000 երեխա է մուտք գործել։ Այս հարցով զբաղվում է ԿԳՄՍՆ-ն։
Հղիների թիվը 222 է, հաշմանդամություն ունեցողներինը՝ 2105, վիրավորներինը՝ 283։
Պետության կողմից տրամադրվող կեցավայրերից օգտվել է 48 649 քաղաքացի։ Տեղաբաշխվածությունը ըստ մարզերի՝ հետևյալն է․
Արագածոտն՝ 2305
Արարատ՝ 12 445
Արմավիր՝ 4461
Գեղարքունիք՝ 3996
Լոռի՝ 2686
Կոտայք՝ 11 630
Շիրակ՝ 2275
Սյունիք՝ 4592
Վայոց ձոր՝ 1937
Տավուշ՝ 2322
Լուսանկարը՝ Մարութ Վանյանի, 25․09․2023, Ստեփանակերտ
comment.count (0)