ԼՂ–ի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, սա բռնի տեղահանում էր. Ֆրանսիայի արտգործնախարար
21:45 - 03 հոկտեմբերի, 2023

ԼՂ–ի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, սա բռնի տեղահանում էր. Ֆրանսիայի արտգործնախարար

Լեռնային Ղարաբաղի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, սա բռնի տեղահանում էր։ Այսօր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։
 
«Ես պետք է ևս մեկ անգամ ընդգծեմ, որ տեղի ունեցածը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ Ես անհրաժեշտություն եմ զգում ևս մեկ անգամ հայտարարելու այդ մասին, քանի որ մենք լսում ենք հայտարարություններ, որոնցում ասվում է, որ մարդիկ ինքնակամ լքել են իրենց տները։ Դա այդպես չէ»,– ասաց նա։
Ֆրանսիայի արտգործնախարարը շեշտեց, որ այս փաստին հստակ գնահատական տալը կարևոր է, ու հավելեց, որ այդ սուտը ոչ մեկին չի մոլորեցնի։
 
«Մարդասիրական այս սարսափելի աղետի պայմաններում Ֆրանսիան 12,5 մլն եվրոյի օգնություն է հատկացրել Հայաստանին, որն ուղղված է բռնի տեղահանվածների համար արժանապատիվ պայմանների ապահովմանը։ Ես խոստանում եմ, որ այդ օգնությունը կլինի շարունակական և կրկին կտրամադրվի, եթե անհրաժեշտություն առաջանա»,– ասաց նա:
 
Նախարարը վստահեցրեց, որ Ֆրանսիան շարունակելու է չափազանց զգայուն լինել ՀՀ տարածքային ամբողջականության հարցում։
 
«Բոլոր նրանց, ովքեր ասում են, թե Ֆրանսիան բավականաչափ ակտիվ չի եղել կամ չափազանց ուշ է արձագանքել, ես ցանկանում եմ ասել, որ դա այդպես չէ. Ֆրանսիան առավել քան որևէ մեկը հայերի ու Հայաստանի կողքին է», –ասաց նա։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել