Գրանադայում հնարավոր ստորագրելիք փաստաթղթում տեղ էին գտնելու հայտնի երեք սկզբունքները․ Նիկոլ Փաշինյան
19:14 - 04 հոկտեմբերի, 2023

Գրանադայում հնարավոր ստորագրելիք փաստաթղթում տեղ էին գտնելու հայտնի երեք սկզբունքները․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում այսօր հարցուպատասխան ընթացավ պատգամավորների և Կառավարության անդամների հետ։ 

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը  հարցը ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին․

« Օրվա ընթացքում պարզ դարձավ, որ Ադրբեջանի նախագահը հրաժարվել է մասնակցել Գրանադայի հանդիպմանը, իրենց պաշտոնական լրահոսերում հիմնականում պատճառաբանություն էր բերվում կարծես թե ոչ թե բովանդակությունը Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կամ պայմանագրի կամ փաստաթղթի, այլ ֆորմատը կամ միջնորդները։ Հաշվի առնելով նաեւ էն հանգամանքը, որ վերջին մեկ ամսվա ընթացքում նաեւ Ադրբեջանի կողմից են եղել որոշակի խաղաղության պայմանագրի հետ կապված առաջարկություններ, դրան ի պատասխան՝ Հայաստանի կողմից, էսպիսի տպավորություն նաեւ ձեզ մո՞տ է, արդյոք խնդիրը զուտ ֆորմատն է կամ միջնորդները»։

Հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Գիտեք, անշնորհակալ գործ է ուղղակի էս իրավիճակում գնահատականներ տալ, որովհետեւ գնահատականները, անկախ նրանից՝ ինչքանով են օբյեկտիվ, սուբյեկտիվ, նրանք որոշակի ազդեցություն են ունենալու իրավիճակի վրա։ Ամեն դեպքում, կարծում եմ, այսօր կարեւոր խնդիր է, որ մենք կարողանանք էնպես անել, որ խաղաղ գործընթացը շարունակվի եւ շարունակվի մի քանի առանցքային սկզբունքների հիման վրա։ Ընդ որում՝ այդ սկզբունքների մեջ ոչ մի նոր բան չկա, դրա մասին բոլորը գիտեն։ Այդ սկզբունքներն արձանագրված են 2023-ի հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը հետեւած հայտարարության մեջ, որն արել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Այդ սկզբունքները հետեւյալն են, որ երկու երկրները՝ Հայաստանը եւ Ադրբեջանը, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը այն ըմբռնմամբ, որ ՀՀ տարածքը 29800քկմ է, Ադրբեջանի տարածքը՝ 86600քկմ։ Երկրորդը, որ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է դառնա քաղաքական հիմք՝ սահմանների դելիմիկտացիայի եւ հետագայում նաեւ դեմարկացիայի համար։ Շատ կարեւոր է, որ դելիմիտացիային ընդառաջ որոՇում կայացվի եւ համաձայնություն ձեռք բերվի, թե որ քարտեզների հիման վրա է արվելու դեմարկացիան եւ դելիմիտիացիան։ Ընդ որում՝ մեր կարծիքն այն է, որ դա պետք ա տեղի ունենա 1975թ․ քարտեզների հիման վրա, բայց սկզբունքորեն էնպես չի, որ մեր էդ դիրքորոշումն էսպես շատ կարծր է եւ էդտեղ մենք որոշակի, ասենք, օրինակ, 75թ․-ից հետո էլ են եղել քարտեզները, որոնք, մեծ հաշվով, նույնի վերարտդրությունն են։ Եւ երրորդը, որ կոմունիկացիաների բացումը տարածաշրջանի տեղի են ունենալու երկրների սուվերենության, իրավազորության, օրենսդրության, հավասարության եւ փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Ես կարծում եմ, որ անկախ միջնորդների նկատմամբ ունեցած դիրքորոշումներից, օրինակ եթե Ադրբեջանը հրապարակային ձեւով այս սկզբունքներին իր նվիրվածությունը վերահաստատի, գործնականում մենք կարող ենք համարել, որ խաղաղության պայմանագրի կնքումն ընդամենը կարճ ժամանակի հարց է։

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաները, ասելով, որ խաղաղության գործընթացին համաձայն են, չեն վերահաստատել իրենց հավատարմությունը իմ նշած սկզբունքներին, ինչը կասկածներ է առաջ բերում, որ իրականում նրանք խաղաղություն ասելով նկատի ունեն իրենց որոշակի ենթադրյալ նկրտումները Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրականացնելուց հետո։ Եթե խոսքը միջնորդների գործոնը եւ միջնորդների նկատմամբ վերաբերմունքները ուղղակի դնենք մի կողմ եւ խոսենք պատկերավոր ասած երես առ երես Ադրբեջանի հետ, ի՞նչն ա խանգարում էդ խոսակցությանը, այս երեք սկզբունքների նկատմամբ Ադրբեջանի դիրքորոշումների անհստակությունը։ 


Ես վերահաստատում եմ մեր հավատարմությունը այդ հիմնարար երեք սկզբունքներին։ Եթե օրինակ էսօր կամ վաղը կամ մյուս օրը Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարությունը հայտարարի, որ այս երեք սկզբունքներին էդ մանրամասներով իրենք վերահաստատում են իրենց հավատարմությունը, մենք կարող են համարել գործնականում խաղաղությունը կայացած»։

Պատգամավորը արձագանքեց, թե արդյո՞ք Գրանադայում հնարավոր ստորագրելիք փաստաթղթում տեղ գտնում էին նշված երեք սկզբունքները։

«Այո, իհարկե, բա էդ ա  ամենակարեւորը, առանց էդ երեք սկզբունքների ինչ էլ ստորագրենք, հա ինքը կարող ա լինի մի հատ քաղաքավարական հայտարարություն, ընդ որում մենք տենց հայտարարություններ ունեցել ենք՝ հանդիպեցինք, խոսեցինք, քննարկեցինք։ Բա էդ ա հիմնաքարը։ Ընդ որում՝ ես ոչ միայն կստորագրեի, այլ նաեւ ժողովրդին վստահ կդիմեի, եթե էդ երեք սկզբունքը որեւէ ձեւով վերահաստատվի, ստորագրվեր, ես վստահ կասեի, որ մենք դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում ճանապարհի մոտավորապես 70 տոկոսն անցել ենք, ընդ որում 70 ամենադժվար տոկոսը, էն 30 տոկոսը․․․ որեւէ անլուծելի եւ կոմպրոմիսների մեծ հավանակություն չունեցող հարց ուղղակի չէր մնա»,- պատասխանեց  Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել