Արթուր Բաղդասարյանի գործարանը չի վճարում գյուղացիներից նախորդ տարի մթերած խաղողի գումարները |hetq.am|
11:39 - 20 հոկտեմբերի, 2023

Արթուր Բաղդասարյանի գործարանը չի վճարում գյուղացիներից նախորդ տարի մթերած խաղողի գումարները |hetq.am|

hetq.am: Աբրահամ Գենջոյանը դեռ նախորդ տարվա հանձնած խաղողի գումարը չի ստացել: Հույս էլ չունի որ կստանա, թեև պայմանագրով նախատեսված էր, որ մայիսին պետք է գործարանը վճարեր: 120 դրամով 7,5 տոննա խաղողը հանձնել է Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում գտնվող «Հայասի» գործարանին:

«Ամեն անգամ մեզ խաբել են՝ էսօր կտանք, էգուց կտանք: Հավաքվեցինք, գնացինք գործարան, դժգոհեցինք, ոստիկաններ եկան, մեզ համոզեցին, թե գնացեք, սեպտեմբերի վերջ կեսը կվճարեն, մնացածն էլ հոկտեմբերի սկզբին: Թողեցինք, եկանք տուն, բայց գումարները չենք ստացել»,-ասում է Ա. Գենջոյանը:

Աբրահամ Գենջոյանը 8000 քմ խաղողի այգի ունի Արմավիրի մարզի Խանջյան գյուղում, որից 3000 քմ այս տարի անտերության է մատնել: Չի ոռոգել, որևէ ծախս չի արել, որ գոնե ոռոգման ջրի գումար չվճարի: Ասում է՝ խաղողի մշակությունը վնասով են իրականացնում: Մեծ դժվարությամբ են խաղողի մթերման պայմանագրեր կնքում, իսկ ում հետ էլ հաջողվում է պայմանագիր կնքել՝ գումարները տարիներով չեն վճարում:

Այս տարի ևս ստիպված «Հայասի» գործարանին է հաձնել խաղողի բերքը, քանի որ այլ գործարանների հետ պայմանագիր կնքել չի հաջողվում:

Աբրահամ Գենջոյանը պատմեց, որ նախկինում գործարանները միայն գյուղացիների հետ էին գործ ունենում: Վերջին տարիներին հայտնվել են «միջնորդներ», ովքեր կապեր ունեն գործարաններում: Կնքում ենք 50-60 տոննայի պայմանագրեր, գյուղացիներից խաղողը գնում են 80 դրամով ու գործարանին հանձնում՝ 120 դրամով: Այն գյուղացիները, ովքեր պայմանագրեր չունեն, ստիպված համաձայնում են այդ պայմանին՝ վնաս կրելով:

«40-50 հազ. դրամ տալիս ենք խաղողը բեռնատարով գործարան հասցնելու համար, 7 հոգի բանվոր ենք բերում՝ 7000 դրամով, դրան ավելացնում ենք նաև սնունդը: Ստացվում է դաշտում մոտ 1,5 տոննա խաղող արդեն դուրս ենք տալիս, մնացածն էլ հանձնում ենք ու փող չենք ստանում: Լավ, բա ես ինչո՞վ հող ու ջրի վարձ վճարեմ, ոնց ապրեմ: Էլ չեմ ասում, թե մեկ տարվա ընթացքում ինչքան աշխատանք ենք կատարում այգում, ինչքան թունաքիմիկատ ենք առնում»,-ասում է Ա. Գենջոյանը և հավելում, որ Խանջյանում իր նման ևս 30 հոգի կա, ովքեր չեն ստացել նախորդ տարիների խաղողի գումարը:

Ոչ միայն Խանջյանի, այլև մարզի Աղավնատուն, Արագած գյուղերի խաղողագործները սպասում են նախորդ տարվա խաղողի գումարներին: Նրանք ևս հանձնել են «Հայասի» գործարանին ու անհույս սպասում են: Հարկ է նշել, որ առաջին տարին չէ, երբ «Հայասին» խախտում է պայմանագրային պարտավորությունները և գյուղացիներին ժամանակին չի վճարում:

Էկոնոմիկայի նախարարությունից «Հետք»-ին հայտնել են, որ սեպտեմբերի 13-ի դրությամբ 2022թ. մթերած խաղողի դիմաց գործարանների պարտքի չափը կազմում է 223 մլն 400 հազ. դրամ, որից միայն 150 մլն դրամը բաժին է ընկնում «Հայասի գրուպ» ՍՊԸ-ին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել