news.am: Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ 4 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին՝ ֆիզիկական ներգործության անմիջական հիմնավոր կասկածանքով։ Այս մասին news.am-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանության լրատվական բաժնից։
ՀՀ ՄԻՊ հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոտիկանության Արաբկիրի բաժին:
Հիշեցնենք, որ առավոտյան Արցախի ներկայացուցչության մոտ հավաքված արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ ինչ-որ պահի իրավիճակը լարվեց, մարդիկ մուտք գործեցին ներկայացուցչության շենք եւ ցանկանում էին հանդիպել Արցախի նախագահի հետ: Արցախի նախագահը համաձայնեց դուրս գալ եւ դրսում պատասխանել հավաքվածների հարցերին: Նա կարճ ելույթ ունեցավ, ասաց, որ շատ բաներ կան, որոնց մասին չի կարող բարձրաձայն ասել, նաեւ նշեց, որ Արցախի Հանրապետությունը լուծարված չէ, քանի որ ոչ մեկը չի կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը:
Քանի որ իրավիճակը լարված էր եւ Արցախի նախագահին պարբերաբար ընդհատում էին, նա առաջարկեց դահլիճում հանդիպում կազմակերպել եւ ներս մտավ շենք:
Դրանից հետո Շահրամանյանը փակ դռների հետեւում հանդիպում է ունեցել մի քանի տասնյակ արցախցիների հետ:
comment.count (0)