hetq.am: Բաքվում պահվող Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության դատաքննության մեկնարկի կապակցությամբ այսօր՝ հունվարի 17-ին, Երեւանում բողոքի ակցիա տեղի ունեցավ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ ԱԳՆ-ի դիմաց։ Ակցիայի նախաձեռնողները արցախյան մի խումբ կազմակերպություններ էին, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպաններ Արտակ Բեգլարյանը, Գեղամ Ստեփանյանը։
«Մենք այստեղ ենք մեր խղճի, մեր անհատական և ազգային արժանապատվության համար, որովհետև մեր հայ պատանդներն այնտեղ են մեզ համար։ Իրենք այնտեղ շինծու դատավարության առջև են կանգնում, խոշտանգվում են և անմարդկային վերաբերմունքի են արժանանում, որովհետև ներկայացնում են մեզ՝ նախ որպես Արցախի Հանրապետության գործող և նախկին ղեկավարներ, և երկրորդ՝ որպես հայեր․ բոլորը, ոչ միայն ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ՄԱԿ-ի գրասենյակի առաջ ասաց Արտակ Բեգլարյանը։
Ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի գրասենյակին փոխանցեցին իրենց պահանջագիրը, ապա երթով շարժվեցին դեպի ՀՀ ԱԳՆ։
ՄԱԿ-ին և բոլոր պետություններին ուղղված այդ գրությամբ ակցիայի մասնակիցները պահանջում էին առավելագույն ճնշում գործադրել ալիևյան ռեժիմի վրա՝ անհապաղ ազատ արձակելու ադրբեջանական բանտերում խոշտանգվող ու նվաստացվող բոլոր հայ պատանդներին։ Իսկ մինչև նրանց ազատ արձակումը՝ ապահովել նրանց հիմնարար իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանում։ Ինչպես նաև՝ գործուն քայլեր ձեռնարկել բռնի անհետացած ու անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ, գործարկել միջազգային մեխանիզմներ՝ Արցախի պատմամշակութային ժառանգության, հանրային և մասնավոր սեփականության վիճակի մշտադիտարկման և պաշտպանության համար։
Երթի մասնակիցները «Հայ ղեկավարները Բաքվի բանտում են», «Ազատություն ռազմա-քաղաքական ղեկավարությանը» գրություններով պաստառներով և ոստիկանների ուղեկցությամբ հասան Արտաքին գործերի նախարարության շենք։
Այնտեղ ելույթով հանդես եկավ Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նա վերահաստատեց Արտակ Բեգլարյանի խոսքերը՝ նշելով, որ Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցում Հայաստանն ունի առաջնային պարտավորություն։ Նա դիմեց ՀՀ իշխանություններին․ «Ես կուզեի իրենք իրենց խղճի առաջ հարց տան և պատասխանեն՝ արդյոք իրենք անու՞մ են այն ամենը, որպեսզի թեթևացվի կամ վերացվի այդ տանջանքն ու դաժանությունը, որը կատարվում է մեր հայրենակիցների հետ Բաքվի բանտում»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)