Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները կքննարկեն ռազմական համագործակցության հարցեր․ Անդրանիկ Քոչարյան |armenpress.am|
12:52 - 23 հոկտեմբերի, 2023

Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները կքննարկեն ռազմական համագործակցության հարցեր․ Անդրանիկ Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն հանդիպման ընթացքում քննարկելու են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ ռազմական համագործակցությանը վերաբերվող։

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Ֆրանսիա այցին և Փարիզի հետ հնարավոր ռազմական մատակարարումների պայմանագրի ստորագրմանը։  

«Արձանագրենք, որ Պաշտպանության նախարարը պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայում և հանդիպում է ունենալու իր գործընկերոջ հետ։ Քննարկվելու են բազմաթիվ հարցեր, և ռազմական համագործակցության որոշ էլեմենտներ իրենց տեղը կգտնեն այս հանդիպման արդյունքում»,- ասաց Քոչարյանը։

Հարցին, թե կարելի՞ է ասել, որ Հայաստանն իր ռազմական համագործակցության շրջանակը մեծացնում է, Քոչարյանը պատասխանեց․

«Դա այնքան ակնհայտ է, որ ցանկացած պետություն իր համագործակցության շրջանակը պետք է մեծացնի, ինչպես նաև քաղաքական հարցերում պետք է ունենա բարեկամների ավելի մեծ ներգրավվածություն։ 44-օրյա պատերազմը մեզ հուշեց, որ, կարծես թե, մենք այդ բոլոր հարթակներում պետք է լուրջ աշխատանքներ ծավալենք և ոչ միայն ունենանք բարեկամներ, այլ նաև ունենանք այնպիսի հարաբերություններ, որոնք առաջին հերթին միտված կլինեն մեր անվտանգային միջավայրը դարձնել ավելի ներառական, որպեսզի մեր երկրի կայունությանը առնչվող բոլոր հարցերը ստանան պատշաճ լուծումներ»,- եզրափակեց Քոչարյանը։

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուի հրավերով Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:

Ավելի վաղ, Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն «Le Parisien»-ի հետ զրույցում հայտնել է, որ Երևանն ու Փարիզը ստորագրելու են ռազմական մատակարարումների պայմանագիր։ Նա մանրամասնել է, որ կստորագրվի պայմանագիր, որը Հայաստանին թույլ կտա ապահովել իր երկնքի պաշտպանությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել