Սկզբունքները պայմանավորված են, մնում է՝ դրանց հիման վրա ստորագրել «խաղաղության պայմանագիր». Նիկոլ Փաշինյանը՝ The Wall Street Journal-ին |1lurer.am|
22:33 - 25 հոկտեմբերի, 2023

Սկզբունքները պայմանավորված են, մնում է՝ դրանց հիման վրա ստորագրել «խաղաղության պայմանագիր». Նիկոլ Փաշինյանը՝ The Wall Street Journal-ին |1lurer.am|

1lurer.am: ԼՂ-ում տեղի ունեցած բեկումից հետո ՀՀ վարչապետը մտավախություն ունի՞, որ լայնամասշտաբ պատերազմը կարող է տարածվել ՀՀ տարածքում, և ՀՀ գործընկերները ինչ պիտի անեն՝ դա կանխելու համար: The Wall Street Journal-ին տված հարցազրույցում այս հարցին անդրադառնալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.

«Ես կկիսեի ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումները, ավելի քան 100 000 նոր փախստականների հարցը և ԼՂ դեմ տեղի ունեցած ռազմական գործողությունները՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի վերաբերյալ հարցից. իհարկե, չեմ ասի, թե դրանց միջև փոխկապակցվածություններ չկան, բայց դրանք առանձին հարցեր են: Մենք հույս ունենք, որ առաջիկայում այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2022 թ. հոկտեմբերի 6-ին՝ Պրահայի քառակողմ, 2023 թ. մայիսի 14-ին և 2023 թ. հուլիսի 15-ին՝ Բրյուսելի եռակողմ հանդիպումների ժամանակ, կվերաձևակերպվեն, կվերահաստատվեն և կդառնան խաղաղության պայմանագրի հիմքը»:

Վարչապետը հիշեցրեց՝ որոնք են այդ պայմանավորվածությունները՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, երկրորդը՝ դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991 թ. Ալմաթիի հռչակագրի հիման վրա, երրորդը՝ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի ճանապարհների ու երկաթուղիների բացումը միմյանց և միջազգային առևտրի համար պետք է տեղի ունենա երկրների սուվերենության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:

«Այս սկզբունքները պայմանավորված են, մնում է՝ այդ սկզբունքների հիման վրա ստորագրել խաղաղության պայմանագիր և գնալ առաջ»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել