azatutyun.am: 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործից անջատված մասի շրջանակում այսօր Քննչական կոմիտեում վկայի կարգավիճակով հարցաքննվել է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Հարցաքննության համար, ըստ փաստաբան Արա Պապիկյանի, հիմք է հանդիսացել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ հարցազրույցներից մեկում արած հայտարարությունը, համաձայն որի՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո Ժիրայր Սեֆիլյանը զանգահարել է իրեն ու խոսել ահաբեկչության մասին.
Հարց. - Ճիշտ է՞, որ հոկտեմբերի 27-ին Սեֆիլյան Ժիրայրը Ձեզ զանգել էր ու ասում էր, որ «մորուքը սատկել է, մորուքին սպանել են», ու Դուք հայհոյել եք, և էդ բոլոր գաղտնիքները կագեբեում կան, ու մինչև օրս չեն ասում, հլա դեռ մինչև հիմա ասում են՝ Ձեզ Նաիրի Հունանյանն էր զանգել: Կասե՞ք էդ մասին, ի՞նչ էր տեղի ունեցել:
Բաբայան. - Էն, ինչ որ որ զանգել ա, դա, այո, տենց ա եղել, և փոխանցել, որ «էդ հանցագործները ուզում են, որ Դուք գաք բանակցությունների»: Ես բացատրել եմ, որ «զեկուցեք նախագահի ապարատ, եթե կգտնեն, որ ես պիտի գամ, ուրեմն ես կգամ»: Էդքանը: Իսկ Ձեր ասածը ամբողջովին իրականություն ա:
Հարց. - Բարի: Էն բառերը, ինչ ասեցի, հենց էդպես էլ Սեֆիլյան Ժիրայրը ասել է:
Բաբայան. - Այո:
Բաբայանի այս հարցազրույցից երկու ամիս անց, Սեֆիլյանին վերագրվող այս խոսքերը խորհրդարանում մայիսի 8-ին հնչեցրեց Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ գլխավոր դատախազին հարցնելով, թե արդյոք չեն ուզում այս դրվագն ուսումնասիրել:
«Սա շատ կարևոր դրվագ է: Ես գիտեմ, որ նախաքննական մարմինը չի կարողացել այդ ժամանակ գտնի Ժիրայր Սեֆիլյանին և հարցաքննի: Հետագայում դեպքերը այլ ձև զարգացան, և հիմա էս դրվագը, ի՞նչ եք կարծում, չարժի՞, որպեսզի նախաքննական մարմինը անջատված մասով մի հատ բան անի, ուսումնասիրի», - ասաց Քոչարյանը:
«Ես կխնդրեմ Ձեզ՝ եթե որևէ դիտարկում ունեք, «Գաղտնի» նշագրումով ուղարկել, եթե դա բաց աղբյուրում չի զետեղված, և եթե բաց աղբյուրում է զետեղված, և կարծում եք, որ նախաքննության ուշադրությունից վրիպել է, խնդրում եմ պատգամավորական հարցման շրջանակներում գրավոր ուղարկեք», - արձագանքեց Աննա Վարդապետյանը:
«Անպայման կուղարկեմ», - Անդրանիկ Քոչարյանի այս խոստումից չորս օր անց արդեն, Ժիրայր Սեֆիլյանն այսօր հրավիրվեց Քննչական կոմիտե, որտեղ հարցաքննվելուց հետո «Ազատությանը» տված հարցազրույցում պնդեց՝ իրեն վերագրվող հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, իսկ Սամվել Բաբայանն ու Անդրանիկ Քոչարյանն իրար հետ համագործակցելով փորձում են իրեն սևացնել:
«Այստեղ Քոչարյանը Անդրանիկը նույնիսկ տեղյակ էլ չէր, որ 25 տարի առաջ ես հարցաքննվել եմ: Այսինքն, տնային աշխատանքը Քոչարյան կոչեցյալը այդպես էլ չի կատարել, էլի, գոնե տնային աշխատանքը նորմալ կատարեր», - հայտարարեց Սեֆիլյանը՝ շարունակելով. - «Թե ինչու 25 տարի հետո այսպիսի անհեթեթ միտք դնում են շրջանառության մեջ, և այսօր երբ կանչում են հարցաքննության, նաև անտեղ ևս մենք որևէ ապացույցի այդ տեղեկության հետ կապված չնկատեցինք: Եթե այդպիսի բան եղած լիներ, շատ ավելի շուտ կդնեին, չէ՞, շրջանառության մեջ»:
«Ազատության» հարցին՝ ինչո՞ւ, ի՞նչ նպատակով էր զանգահարել հենց այդ օրը հենց Սամվել Բաբայանին, Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամը պատասխանեց. - «Հա դա, այդ ամեն ինչի մանրամասնությունը երբ որ սղագրությունը կամ հարցաքննության բովանդակությունը Ձեր ձեռքը կընկնի, մանրամասն կարող եք հրապարակել: Ես չեմ ուզում այդ մասին, 25 տարի առաջվա իմ տված ցուցմունքների մասին որևէ հիշատակում անել, որովհետև 25 տարի է անցել, սխալներ չանենք և ավելորդ, այսպես ասած, կոզրեր այս թշնամի համակարգի ձեռքը չտանք»:
«Ազատություն». - Բայց Դուք կարո՞ղ եք հերքել գոնե:
Սեֆիլյան. - Ի՞նչը:
«Ազատություն». - Որ այն բառը, ես չեմ ուզում ուղղակի մեջբերել այն, ինչ որ հրապարակեց...
Սեֆիլյան. - Այո: Ես ասում եմ՝ անհեթեթություն է, կեղծիք է:
Արդյոք Սամվել Բաբայանը ևս իր այս պնդումների առնչությամբ կանչվել է հարցաքննության, առայժմ պարզ չէ:
comment.count (0)