factor.am: Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով այսօր դատարան հրավիրված շտապօգնությունը եզրակացություն չտվեց այն մասին, որ Գասպարյանն ի վիճակի չէ մասնակցելու դատական նիստին, ուստի դատավոր Վարդգես Սարգսյանը շարունակեց գործի քննությունը։
Հիշեցնենք, որ նիստի մեկնարկից րոպեներ անց Գասպարյանի համար շտապօգնություն էր հրավիրվել դատարան։ Այսօր դատական նիստին հետևելու համար դպրոցականներ էին եկել դատարան, ու թեև պաշտպանական կողմն առարկում էր՝ դատավորը նրանցից 16 տարին լրացածներին թույլատրեց ներկա գտնվել նիստին։
Դատական նիստին ցուցմունք տվեց Ոստիկանության ներքին աուդիտի վարչության երեք աշխատակից, որոնց աշխատանքի ընթացքում մեղադրյալ Վարդան Թունյանը եղել է ներքին աուդիտի վարչության պետը։ Վկաներից մեկը հստակ պատասխան չտվեց ոչ մի հարցի։ Վկայություններ տվեցին մյուս երկու անձինք։ Ինչպես վերջիններիս ցուցմունքներից պարզվեց, Ոստիկանության ներքին աուդիտի վարչությունում, այսպես ասած, ֆոնդ է եղել, որտեղ աշխատակիցները գումար են գցել։ Ինչպես վկաներն են հայտնում, ֆոնդի գումարը ուրախ կամ տխուր առթիների դեպքում օգտագործվել է։
Վկաներից Ա․Վ․-ն հայտնեց, որ գործուղումների համար ստացած գումարներից են տվել որպես ֆոնդի փող։ Այս վկան պատմեց նաև, որ 2015 թվականին իրեն ծառայողական մեքենա է ամրակցվել, որը, սակայն, երբեք իր մոտ չի եղել։
Վահրամ Ղազարյանը, որը եղել է Վարդան Թունյանի վարորդը, Ա․Վ․-ին ասել է, որ մեքենան ավտոտնակում կանգնած է։ Երկու վկայի ցուցմունքի համաձայն՝ իրենք իրենց անձնական մեքենաներով են գնացել գործուղումների և ստուգումների, այլ ոչ թե ծառայողական մեքենաներով։
Այսօրվա նիստն ավարտնեց, իսկ հաջորդը նոյեմբերի 30-ին է։
comment.count (0)