Վլադիմիր Գասպարյան

ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ գնդապետ։ Ծնվել է 1958թ. սեպտեմբերի 9-ին։ 1976-1978 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1982-1993 թթ. ծառայել է ՆԳՆ համակարգում, եղել է Սեւանի, Արմավիրի ՆԳ բաժինների պետ։ 1989 թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ քննչական բարձրագույն դպրոցը։ 1993-1996 թթ. ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ։ 1997 թ. նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ։ 2001 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում։

2010 թ. հոկտեմբերի 2-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից։ 2011 թ. շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։ 2011 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից։ 2011 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ։

2018 թ. մայիսի 10-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից:

Վլադիմիր Գասպարյանի գործով վկաները հայտարարեցին, որ իրենց անձնական, այլ ոչ թե ծառայողական մեքենաներով են գնացել գործուղումների
 |factor.am|

Վլադիմիր Գասպարյանի գործով վկաները հայտարարեցին, որ իրենց անձնական, այլ ոչ թե ծառայողական մեքենաներով են գնացել գործուղումների |factor.am|

factor.am: Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով այսօր դատարան հրավիրված շտապօգնությունը եզրակացություն չտվեց այն մասին, որ Գասպարյանն ի վիճակի չէ մասնակցելու դատական նիստին, ուստի դատավոր Վարդգես Սարգսյանը շարունակեց գործի քննությունը։ Հիշեցնենք, որ նիստի մեկնարկից րոպեներ անց Գասպարյանի համար շտապօգնություն էր հրավիրվել դատարան։ Այսօր դատական նիստին հետևելու համար դպրոցականներ էին եկել դատարան, ու թեև պաշտպանական կողմն առարկում էր՝ դատավորը նրանցից 16 տարին լրացածներին թույլատրեց ներկա գտնվել նիստին։ Դատական նիստին ցուցմունք տվեց Ոստիկանության ներքին աուդիտի վարչության երեք աշխատակից, որոնց աշխատանքի ընթացքում մեղադրյալ Վարդան Թունյանը եղել է ներքին աուդիտի վարչության պետը։ Վկաներից մեկը հստակ պատասխան չտվեց ոչ մի հարցի։ Վկայություններ տվեցին մյուս երկու անձինք։ Ինչպես վերջիններիս ցուցմունքներից պարզվեց, Ոստիկանության ներքին աուդիտի վարչությունում, այսպես ասած, ֆոնդ է եղել, որտեղ աշխատակիցները գումար են գցել։ Ինչպես վկաներն են հայտնում, ֆոնդի գումարը ուրախ կամ տխուր առթիների դեպքում օգտագործվել է։ Վկաներից Ա․Վ․-ն հայտնեց, որ գործուղումների համար ստացած գումարներից են տվել որպես ֆոնդի փող։ Այս վկան պատմեց նաև, որ 2015 թվականին իրեն ծառայողական մեքենա է ամրակցվել, որը, սակայն, երբեք իր մոտ չի եղել։ Վահրամ Ղազարյանը, որը եղել է Վարդան Թունյանի վարորդը, Ա․Վ․-ին ասել է, որ մեքենան ավտոտնակում կանգնած է։ Երկու վկայի ցուցմունքի համաձայն՝ իրենք իրենց անձնական մեքենաներով են գնացել գործուղումների և ստուգումների, այլ ոչ թե ծառայողական մեքենաներով։ Այսօրվա նիստն ավարտնեց, իսկ հաջորդը նոյեմբերի 30-ին է։
16:36 - 24 նոյեմբերի, 2023
Վլադիմիր Գասպարյանի կնոջ վերաբերյալ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Վլադիմիր Գասպարյանի կնոջ վերաբերյալ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Ս.Գ.-ն, Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում պաշտոնավարելու ընթացքում, միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով, 2000-2010 թվականների ընթացքում օժանդակել է իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Վ.Գ.-ին (Վլադիմիր Գասպարյան-խմբ.) պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել 17 մլն դրամի հափշտակություն (Վ.Գ.-ն 1997 թվականի հունիսի 17-ից մինչև 2010 թվականի հոկտեմբերի 2-ը զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության (2007 թվականի փետրվարի 3-ից՝ Ռազմական ոստիկանության) վարչության պետի, իսկ 2010 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 1-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները): Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Մասնավորապես՝ Վ.Գ.-ն, քաջատեղյակ լինելով, որ իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող, 2000-2011 թվականներին ՊՆ ռազմական ոստիկանության վարչության՝ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների և դասալքության դեմ պայքարի բաժանմունքում տարբեր պաշտոններ զբաղեցրած Ս.Գ.-ն (Ս.Ս-ն) ավելի քան տասնմեկ տարի ծառայության չի ներկայացել և պաշտոնից բխող ծառայողական պարտականությունները երբևէ չի կատարել, ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև վերոնշյալ ժամանակահատվածում ստորագրել է Ֆինանսների նախարարության գանձապետարան ուղարկվող կամ գանձապետական ծրագիր մուտքագրվող փոխանցագրեր, որոնցում ընդգրկված է եղել նաև Ս.Գ.-ի տվյալները: Արդյունքում, 2000-2010 թվականների ընթացքում, Ս.Գ.-ին որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարումներ՝ փաստացի վճարվել է 17 մլն դրամ: Մեկ այլ դեպքով, Վ.Գ.-ն Ս.Գ.-ի օժանդակությամբ, չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Մասնավորապես՝ Վ.Գ.-ն, 2011-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը, խախտելով օրենքի համապատասխան պահանջը, այն է՝ ոստիկանության ծառայողին արգելվում է համատեղ ծառայել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց հետ, իր կնոջը՝ Ս.Գ.-ին, նշանակել է ՀՀ ոստիկանության պետի ավագ ռեֆերենտ: Պաշտոնին նշանակվելուց հետո Ս.Գ.-ն, 2011-2018 թվականների ընթացքում, պարբերաբար ծառայության չի ներկայացել և ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, առանց վերադասին ուղղված՝ իրեն արձակուրդ տալու մասին զեկուցագրերի և դրանց հիման վրա արձակուրդ տրամադրելու վերաբերյալ հրամանների, մի շարք դեպքերում տարբեր տևողություններով բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, որով պայմանավորված՝ չի ներկայացել ծառայության: Այս պայմաններում, 2011 թվականի դեկտեմբերի 30-ի և 2016 թվականի դեկտեմբերի 30-ի հրամաններով՝ նրան շնորհվել են «փոխգնդապետ», ապա՝ «գնդապետ» հատուկ կոչումները, ապա նաև նրա անվամբ փոխանցվել է 19 մլն դրամ: Հսկող դատախազի որոշմամբ` Ս.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքն հափշտակելուն օժանդակելը) և 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը): Հսկող դատախազը 2023 թվականի օգոստոսի 21-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:45 - 21 օգոստոսի, 2023
Դատախազը Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի դստեր վերաբերյալ գործը հանձնել է դատարան

Դատախազը Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի դստեր վերաբերյալ գործը հանձնել է դատարան

Հսկող դատախազը 2023 թվականի հուլիսի 23-ին հաստատել է Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստր Յ.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը։ Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 30-ին հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Յ.Գ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելուն կամ վատնելուն հանցակցելը): Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստրը՝ Յ.Գ.-ն, միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է 2012-2018 թվականներին Ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լ.Ե.-ին, որը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015-2018 թվականների ընթացքում վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը: Մասնավորապես՝ 2011-2018 թվականներին Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ն, 2015 թվականի մարտի 7-ի թիվ 490-Ա հրամանով, իր դստերը՝ Յ.Գ.-ին, նշանակել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին: Այնուհետև, Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ի՝ 2018 թվականի մարտի 16-ի 225-Ա հրամանով Յ.Գ.-ն նշանակվել է Ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնին: Վ.Գ.-ի՝ 2018 թվականի մարտի 16-ի 23-Ա հրամանով՝ Յ.Գ.-ին շնորհվել է ոստիկանության փոխգնդապետի կոչում, որից երեք օր անց՝ Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ի՝ 2018 թվականի մարտի 19-ի 248-Ա հրամանով Յ.Գ.-ն կրկին նշանակվել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին: Ոստիկանության պետի՝ 2018 թվականի մայիսի 10-ի 1388-Ա հրամանով՝ Յ.Գ.-ի կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա՝ վերջինս ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից: Նշված պաշտոնին նշանակվելուց հետո՝ մինչև պաշտոնավարման դադարեցումը, Յ.Գ.-ն առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել: Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ն, քաջատեղյակ լինելով Յ.Գ.-ի կողմից ավելի քան երեք տարի՝ 2015 թվականի մարտի 7-ից մինչև 2018 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, սահմանված կարգով ծառայության չներկայանալու մասին, ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև յուրաքանչյուր ամիս իր ստորագրությամբ հաստատել է Ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը և Ֆինանսների նախարարություն ուղարկված վճարման հանձնարարագրերը՝ դրանցում ներառելով ծառայության չներկայացած և ծառայողական պարտականությունները չկատարած Յ.Գ.-ի տվյալները: Արդյունքում՝ վերը նշված ժամանակահատվածում, Յ.Գ.-ին, որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ, փաստացի վճարվել է 8 մլն 838 հազար դրամ (Յ.Գ.-ն ստացել և կանխիկացրել է իրեն որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային վճարներ տրամադրված գումարները):
12:25 - 01 օգոստոսի, 2023
Շուրջ 2 մլրդ դրամի գույքն օրինականացնելու մեջ մեղադրվող Վլ.Գասպարյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է

Շուրջ 2 մլրդ դրամի գույքն օրինականացնելու մեջ մեղադրվող Վլ.Գասպարյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է

Կոռուպցիոն բնույթի բազմաթիվ չարաշահումներ կատարելու մեջ մեղադրվող՝ 2000-2018 թթ. ընթացքում պետական ծառայության տարբեր պաշտոններ զբաղեցրած Վ. Գասպարյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ. Գասպարյանը, ինչպես նաև 2011-2018 թթ. վերջինիս անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Ա. Հակոբյանը իրենց պաշտոնավարման տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, հովանավորչության և կոռուպցիոն հանցավոր այլ գործունեության արդյունքում ձեռք են բերել իրենց և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, մասնավորապես` իրենց հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու ձևական գործարքների միջոցով օրինականացրել են դրանք: Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2000-2018 թթ. ընթացքում Վ. Գասպարյանի կինը, տարբեր ժամանակահատվածներում պաշտոնների նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում և ՀՀ ոստիկանությունում, տարիներ շարունակ առհասարակ ծառայության չի ներկայացել և իր պարտականությունները չի կատարել: Բացի այդ, պաշտոնի նշանակված լինելով ՀՀ ոստիկանությունում, անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր ծառայողական պարտականությունները: Վ. Գասպարյանը, տեղյակ լինելով այդ ամենի մասին, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` դիտավորությամբ չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, որպիսի պայմաններում նրա կնոջն անհիմն վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 36 մլն ՀՀ դրամ գումար: Քրեական վարույթով պարզվել է նաև, որ Վ. Գասպարյանը, 2000-2018 թթ. ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, բացի պաշտոնեական լիազորությունները չարաշահելուց, կատարել է նաև պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև` զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ: Արդյունքում՝ նախկին ոստիկանապետը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, որից միայն Գեղարքունիքի մարզում և Երևան քաղաքում գտնվող իր առանձնատների, ինչպես նաև արտադրական շինության տարածքի վերանորոգման համար ծախսել է ընդհանուր շուրջ 700 մլն ՀՀ դրամ: Նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր շուրջ 2 մլրդ ՀՀ դրամի գույք: Բացի այդ, ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Վ. Գասպարյանը, հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձ, իր անվամբ թանկարժեք գույք հայտարարագրելու դեպքում հնարավոր պատասխանատվությունից զերծ մնալու համար իր անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարող Ա. Հակոբյանին 2013թ. հանձնարարել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունից ձեռք բերել ավտոմեքենաներ և դրանք հաշվառել վերջինիս անվամբ՝ նշված տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար վճարվելիք դրամական միջոցների՝ ավելի քան 150 մլն ՀՀ դրամի հանցավոր ծագումը թաքցնելու համար: Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Վ. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 44-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով:
15:51 - 13 հուլիսի, 2023
Ես տեղյակ չեմ եղել, որ ինքը գործի չի եկել․ Լևոն Երանոսյանը՝ Վլադիմիր Գասպարյանի դստեր մասին |factor.am|

Ես տեղյակ չեմ եղել, որ ինքը գործի չի եկել․ Լևոն Երանոսյանը՝ Վլադիմիր Գասպարյանի դստեր մասին |factor.am|

factor.am: Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալ Լևոն Երանոսյանն ասում է՝ տեղյակ չի եղել, որ Գասպարյանի դուստրը ոստիկանության զորքերում աշխատանքի չի գնացել։ Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի վերաբերյալ գործի համաձայն՝ Գասպարյանի դուստրը 2015 թվականին նշանակվել է ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, սակայն առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական պարտականությունները չի կատարել: Տեղյակ լինելով այդ մասին` նշված ժամանակահատվածում ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Լևոն Երանոսյանը ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև վատնել է պետական միջոցները, այն է` պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրաքանչյուր ամիս իր ստորագրությամբ հաստատել է ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը, որոնց հիման վրա Գասպարյանի դստերը 2015-2018 թվականների ընթացքում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի գումար՝ 8.838.362 դրամ: Ավելին, Լևոն Երանոսյանի հանձնարարությամբ ամբողջությամբ կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով կազմակերպվել է Վլադիմիր Գասպարյանի դստերն ընդամենը 3 օրով բարձր պաշտոնի նշանակելու ձևական գործընթաց, որով ապահովվել է վերջինիս փոխգնդապետի զինվորական կոչում շնորհելը: «Ասում են՝ զորքերում է, ես էլ տեղյակ եմ, որ զորքերում է աշխատել, բայց ես տեղյակ չեմ եղել, որ ինքը գործի չի եկել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Երանոսյանը։ Անդրադառնալով Գասպարյանի դստերը երեք օրով բարձր կոչում տալու հանգամանքին՝ Երանոսյանն ասաց՝ իրեն հարցրեք, ապա հավելեց, որ իրեն բերել են դատարան՝ այդ հարցը լուծելու համար։ «Երկի՛ր ենք վարի տալիս, գնացեք երկրո՛վ զբացվեք, եկել եք՝ «Երանոսյանին դատում են, ոստիկանապետի աղջիկը գործի չի եկել»,- ասաց Երանոսյանը, ապա հավելեց, թե գումարը վերականգնված է։ Նշենք, որ Գասպարյանի դստերը՝ Յուլյա Գասպարյանին 2022 թվականին մեղադրանք է առաջադրվել շուրջ 9 մլն դրամ վատնմանն օժանդակելու հոդվածով, սակայն նա պետությանը պատճառված վնասը փոխհատուցել է։
15:34 - 10 մայիսի, 2023
9 տարի առաջ որդուն կորցրած մայրը Վլադիմիր Գասպարյանից պարզաբանում պահանջեց
 |factor.am|

9 տարի առաջ որդուն կորցրած մայրը Վլադիմիր Գասպարյանից պարզաբանում պահանջեց |factor.am|

factor.am: Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով դատական նիստից առաջ նրան մոտեցավ 9 տարի առաջ սպանված Արտյոմ Ադանալյանի մայրը՝ փորձելով որդու սպանության հետ կապված պարզաբանումներ ստանալ։ «Ձեր պաշտոնավարման ընթացքում»,- փորձում էր խոսել կինը, երբ Գասպարյանը սկսեց բղավել, որ հարցերի չի պատախանելու։ «Վե՛րջ, վսյո՛» բացականչեց Գասպարյանը, սակայն կինը չլռեց։ «Ձեր պաշտոնավարման ընթացքում ոստիկանները որդուս են սպանել»,- շարունակեց կինը։ Գասպարյանի մտերիմները հիշեցրին վերջինիս առողջական խնդիրների մասին, որին ի պատասխան Ռուզաննա Ադանայանն ասաց՝ «Ուզում եք իմ առողջական վիճա՞կն էլ վատանա։ Նրա պաշտոնավարման ժամանակ իմ որդուն են սպանել, հասկանո՞ւմ եք»,- ասաց կինը, որից հետո Գասպարյանը հետաքրքրվեց գործի մանրամասներով ու ասաց, թե չի հիշում։ Նշենք, որ Ադանալյանի որդու սպանության դեպքը Գյումրիում է եղել։ Արդեն շուրջ 8 տարի է՝ քննվում է դատարանում։ Ադանլալյանի խոսքով՝ արդեն 5-րդ դատավորն է փոխվել այս գործով։
15:34 - 03 մայիսի, 2023
«Դավայ, գնացեք հա՞ ըստեղից». Վլադիմիր Գասպարյանը՝ լրագրողներին

«Դավայ, գնացեք հա՞ ըստեղից». Վլադիմիր Գասպարյանը՝ լրագրողներին

Հակակոռուպցիոն դատարանի դիմաց դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողները փորձեցին հարցեր ուղղել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ով սակայն մերժեց պատասխանել։ Լրագրողի դիտարկմանը, որ իրեն շատ բաներում են մեղադրում, Գասպարյանը ասաց․ «Գլուխները պատին են տալիս: Դավայ, գնացեք, հա՞ ըստեղից: Ձեզ էլ մեղադրում են անկապ հարցեր տալու համար: Վսյո, գնացեք, թողեք ես անցնեմ։ Դուք էլ Ձեր...»։ Նշենք, որ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 79-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահում)։ Հիշեցնենք` ՀՔԾ–ում քննվող բազմադրվագ քրգործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի եւ Լեւոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի եւ պետական միջոցներից խոշոր չափերի հափշտակության դեպքեր։ Դրանց հետեւանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն դրամի վնաս:
15:24 - 03 մայիսի, 2023
«Տունս չեմ տալու պետությանը». Վլադիմիր Գասպարյան |news.am|

«Տունս չեմ տալու պետությանը». Վլադիմիր Գասպարյան |news.am|

news.am: Ես արել եմ օրենքի սահմաններում, ես երբեք չեմ անի այն, ինչն օրենքից դուրս է: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, դատական նիստից հետո Factor.am-ի լրագրողի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: «Դատական պրոցեսը ցույց կտա, որ սա մի կենդանու ֆանտազիայի արդյունքներն են: Ամբողջ դատական պրոցեսի ընթացքում այս ամենը կժխտվի»,- ասաց Գասպարյանը: Հարցին՝ արդյո՞ք ինքը պատրաստվում է իր տունը վերադարձնել պետությանը, նախկին ոստիկանապետը արձագանքեց.  «Գլուխները պատին են տվել, իմ տունը չեմ տալու պետությանը»: Նշենք, որ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 79-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահում)։ Հիշեցնենք` ՀՔԾ–ում քննվող բազմադրվագ քրգործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի եւ Լեւոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի եւ պետական միջոցներից խոշոր չափերի հափշտակության դեպքեր։ Դրանց հետեւանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն դրամի վնաս:
16:25 - 28 մարտի, 2023
Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակի վատացման հետևանքով դատական նիստը հետաձգվել է
 |armtimes.com|

Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակի վատացման հետևանքով դատական նիստը հետաձգվել է |armtimes.com|

armtimes.com: Հակակոռոպցիոն դատարանում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործի քննման ընթացքում Գասպարյանի առողջական վիճակը վատացել է, ինչի հետևանքով դատական նիստը հետաձգվել է։ Լուրը մեզ հետ զրույցում հաստատեցին նաև Բարձրագույն դատական խորհրդից։ Նիստի ընթացքում Գասպարյանը հայտնել էր վատ ինքնազգացողության մասին, բարձրացել էր նրա ճնշումը։ Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (յուրաքանչյուրը՝ 2-ական դրվագով): Ի թիվս այլ մեղադրանքների՝ նախկին ոստիկանապետը մեղադրվում է մոտ 2 մլրդ դրամ գույքի փողերի լվացում կատարելու մեջ։ Նրանց վերաբերյալ 2 առանձին գործերը միացվել են և քննվում են մեկ վարույթում:
16:12 - 20 մարտի, 2023
Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետ Արշակ Հակոբյանի մեղադրանքը փոփոխվել է. նոր որոշում է կայացվել

Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետ Արշակ Հակոբյանի մեղադրանքը փոփոխվել է. նոր որոշում է կայացվել

Դատախազությունը հայտնում է, որ դատախազը 2023 թվականի մարտի 15-ին քրեական հետապնդում հարուցելու մասին նոր որոշում է կայացրել 1997-2011 թվականներին Պաշտպանության նախարարությունում ծառայած, 2011-2018 թվականներին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալի և 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Արշակ Հակոբյանի նկատմամբ: «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ա.Հ.-ն, 1994-2018 թվականների ընթացքում հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, օրենքով նախատեսված արգելքին հակառակ՝ ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաև զբաղվել է կոռուպցիոն այլ գործունեությամբ, որի արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու եկամուտները լվանալու, օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու նպատակով` թաքցրել, խեղաթյուրել է ձեռք բերված գույքերի ու վճարված գումարների իրական բնույթը, հանցավոր ծագումը և պատկանելիությունը` դրանց հաղորդելով օրինական տեսք: Մասնավորապես՝ 2008-2010 թվականների ընթացքում Ա.Հ.-ն ձեռք է բերել «Ուրբանիզմ-Պետրոլ» ՍՊ ընկերության 100% տոկոս բաժնեմասը և այն, իրավաբանորեն հաշվառելով նախկինում որևէ բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած կնոջ և այդ պահին անչափահաս՝ 9-ամյա որդու անվամբ, նրանց միջոցով փաստացի մասնակցել է Ընկերության կառավարմանը: Այդ գործունեության, ինչպես նաև քրեական վարույթով դեռևս չպարզված հանգամանքներում, այլ ենթադրյալ անօրինական գործունեության արդյունքում (Ա.Հ.-ի և նրա ընտանիքի անդամների ունեցած օրինական եկամուտների ու գույքային դրության միջև կա ակնհայտ անհամապատասխանություն) ստացված գումարների իրական բնույթն և հանցավոր ծագումը թաքցնելու ու խեղաթյուրելու նպատակով՝ Ա.Հ.-ն 2011 թվականին ձեռք է բերել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասում գտնվող, 75 մլն դրամ արժողությամբ անշարժ գույքը (գրանցվել է կնոջ սեփականության իրավունքը), 2012 թվականին 120 մլն դրամով՝ Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող անշարժ գույքերը (գրանցվել է կնոջ սեփականության իրավունքը), 2013 թվականին 204 մլն 250 հազար դրամով՝ Երևան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող անշարժ գույքը (գրանցվել է իր և կնոջ սեփականության իրավունքը), իսկ 2014 թվականին 144 մլն 375 հազար դրամով՝ «ՕՎՍԱՍ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը (ընկերության անվամբ գրանցված է ք.Երևան, Մոսկովյան փողոցում գտնվող 207.9 քմ տարածքը, գրանցվել է դստեր սեփականության իրավունքը): Գիտակցելով, որ նվազ օրինական եկամուտների առկայության պայմաններում իր և կնոջ անվամբ հաշվառված են օրինական եկամուտները շեշտակիորեն գերազանցող արժեք ունեցող գույքեր (ինչը կարող է իրավասու մարմինների ուսումնասիրության առիթ և առարկա դառնալ)՝ դրանց իրական բնույթը, ծագման աղբյուրը քողարկելու նպատակով՝ Ա.Հ.-ն 2014 թվականին ձեռնամուխ է եղել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքերի նկատմամբ իրավունքները և դրանց իրական պատկանելությունը թաքցնելուն՝ դրանք նվիրատվության ու առուվաճառքի ձևական պայմանագրերով օտարելով մտերիմներին: Այսպիսով, նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ Ա.Հ.-ն լվացել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 351 մլն 497 հազար 422 դրամը և 75 մլն դրամ արժեքով անշարժ գույքը: Բացի այդ, Ա.Հ.-ն, ով փաստացի կատարել է ՀՀ ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի անվտանգության ծառայության ղեկավարի գործառույթները, 2013-2014 թվականներին ՀՀ ոստիկանության պետ Վ.Գ.-ի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ լվացել է վերջինիս կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներով գնված գույքը՝ թաքցնելով և խեղաթյուրելով գույքի ծագման աղբյուրը, իրավունքներն ու պատկանելիությունը:  Մասնավորապես՝ Վ.Գ.-ն, 1982-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով Ներքին գործերի նախարարության Սևանի, Արմավիրի բաժինների պետի, Ներքին գործերի նախարարի տեղակալի, ՊՆ ռազմական ոստիկանության պետի, Պաշտպանության նախարարի տեղակալի, ապա՝ Ոստիկանության պետի պաշտոնները, 2008-2018 թվականների ընթացքում տիրապետել, օգտագործել, տնօրինել է 2000-2018 թվականների ընթացքում իր կատարած հանցանքների արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով գումար: ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Վ.Գ.-ն, հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձ, իր անվամբ թանկարժեք գույք հայտարարագրելու դեպքում իրավապահ մարմինների ուշադրություն կենտրոնում հայտնվելուց և հնարավոր պատասխանատվությունից զերծ մնալու նպատակով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքի մի մասի ծագումը թաքցնելու հարցում աջակցելու համար 2013 թվականին դիմել է իր անվտանգության ծառայության ղեկավարի գործառույթները փաստացի կատարող Ա.Հ.-ին՝ հանձնարարելով «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունից ձեռք բերել տրանսպորտային միջոցներ և դրանք հաշվառել իր անվամբ:  Նշված հանձնարարության հիման վրա՝ 2013 թվականի սեպտեմբերի 1-ին Ա.Հ.-ն Վ.Գ.-ի կողմից հատկացված 71 մլն 556 հազար դրամով «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել «Mercedes-Benz G 500» մակնիշի ավտոմեքենա, իսկ 2014 թվականի հունվարի 10-ին Վ.Գ.-ի կողմից հատկացված 80 մլն 200 հազար դրամով նույն ընկերությունից ձեռք է բերել «Mercedes-Benz S 500L» մակնիշի ավտոմեքենա՝ դրանք հաշվառելով իր անվամբ: Այսպիսով, նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ Ա.Հ.-ն Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում թաքցրել և խեղաթյուրել է վերջինիս հանցավոր գործունեության արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 151 մլն 756 հազար դրամ ընդհանուր արժողության գույքը՝ լվանալով հանցավոր ճանապարհով ստացված այդ գույքը: Բացի այդ, Ա.Հ.-ն 2017 թվականի հուլիսի 1-ից ունենալով գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտականություն՝ 2018 թվականի մարտի 22-ին ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված տարեկան հայտարարագրում՝ դիտավորությամբ թաքցրել և դրանում չի ներառել 2017 թվականի օգոստոսի 23-ին բանկերից մեկի կողմից իրեն տրամադրված 100 հազար ԱՄՆ դոլար վարկի գումարը, որը հանգեցրել է նշված առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը: Վերոգրյալի հիման վրա՝ հսկող դատախազի որոշմամբ Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է նոր քրեական հետապնդում 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ, փողերի լվացում) և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը): Վարույթն իրականացնող քննիչը, մինչդատական վարույթում հավաքված ապացույցների գնահատման արդյունքում գալով այն հետևության, որ մեղադրյալին վերագրվող հանցանքի համար իրավասու դատարանի կողմից նրա դատապարտումը մեծապես հավանական է, հայտնել է նախաքննության ավարտ: Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից բերված վճռաբեկ բողոքը բավարարվել էր, Ա.Հ.-ի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի (միջոցների) կիրառումը ճանաչվել է անբավարար, ինչի արդյունքում Ա.Հ.-ն կալանավորվել է (շարունակում է գտնվել կալանքի տակ)»,- ասված է հաղորդագրության մեջ:
10:31 - 17 մարտի, 2023
Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչն ապօրինի ծագման գործով պահանջում է հայցային վաղեմություն կիրառել |hetq.am|

Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչն ապօրինի ծագման գործով պահանջում է հայցային վաղեմություն կիրառել |hetq.am|

hetq.am: Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա կնոջ, որդու, դստեր և զոքանչի ունեցվածքը հօգուտ Հայաստանի բռնագանձելու պահանջով դատախազության հայցադիմումը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։ Այսօր՝ փետրվարի 3-ին, դատարանը շարունակեց քննել Գասպարյանի ներկայացուցչի միջնորդությունը, որով դատարանին խնդրել են գործով անցնող գույքերից մեկի մասով հայցային վաղեմություն կիրառել։  Խոսքը ոստիկանապետի կնոջ Սուսաննա Գասպարյանին պատկանող Երևան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող բնակարանի մասին է։ Ըստ Գասպարյանի ներկայացուցուցիչ Վարազդատ Ասատրյանի՝ 2008 թ-ին գնված բնակարանը բռնագանձելու պահանջ ներկայացնելու համար դատախազությունը բաց է թողել դատարան դիմելու օրենքով սահմանված ժամկետը։ Գտնում են, որ գույքի ձեռքբերման մասին պետությունն իմացել է ավելի վաղ, քանի դրա վերաբերյալ դատախազությունում կուսումնասիրվեր Գասպարյանի ունեցվածքը: Դատավոր Նարինե Ավագյանը որոշեց, որ դատախազությունը պետք է ապացուցի, որ այդ գույքի ձեռքբերման մասին տեղեկացել է ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրության շրջանակում, իսկ ոստիկանապետի ներկայացուցիչը պետք է ապացուցի, որ պետությունը նշված գույքը Գասպարյանի կնոջ կողմից ձեռքբերելու մասին իմացել է դեռևս 2008 թ-ին։ Այսօրվա նիստը հետաձգվեց, որպեսզի Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչը միջնորդության քննության համար հավելյալ ապացույցներ ներկայացնի դատարան։ Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է Գասպարյանից և նրա ընտանիքի անդամներից հօգուտ պետության բռնագանձել Երևան քաղաքում գտնվող 4 անշարժ գույք (1 տուն, 2 բնակարան, 1 ավտոտոնակ), Կոտայքի և Գեղարքունի մարզերում գտնվող 3 անշարժ գույք, ինչպես նաև 3 ավտոմեքենա։ Այս ամենից բացի՝ դատախազությունը պահանջում է ոստիկանապետի ընտանիքից բռնագանձել նաև 169 միլիոն դրամ և 5 միլիոն ռուբլի (հանդիսանում է ավանդ)։ 2011 թ-ից 2018 թ.-ն ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Գասպարյանն ու նրա ընտանիքի անդամները անցնում են նաև մի քանի քրեական գործով։
18:01 - 03 փետրվարի, 2023
Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց. պաշտպանները գործի նյութերին ծանոթ չեն |news.am|

Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց. պաշտպանները գործի նյութերին ծանոթ չեն |news.am|

news.am: Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդգես Սարգսյանի, այսօր՝ հունվարի 17-ին, հետաձգեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասապարյանի և նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի վերաբերյալ գործի քննությունը։ Դատական նիստը հետաձգվեց Գասպարյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանի և Ալեքսանդր Կոչուբաևի՝ գործի նյութերին ծանոթ չլինելու հիմքով։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 24-ին՝ ժամը 10:00-ին։ Նշենք, որ նախկին ոստիկանապետը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման և ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Ամբաստանյալի կարգավիճակ ունեն նաև ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանը և Ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանը, որոնք մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացման համար։ Բոլոր ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրությունը։ Ըստ մեղադրանքի՝ Վլադիմիր Գասպարյանը և նրա անվտանգության պետի պարտականությունները կատարած Արշակ Հակոբյանը պաշտոնավարման տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, հովանավորչության և կոռուպցիոն հանցավոր այլ գործունեության արդյունքում ձեռք են բերել իրենց և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, մասնավորապես` իրենց հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու ձևական գործարքների միջոցով օրինականացրել են դրանք: Պարզվել է, որ Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի գույք:
17:13 - 17 հունվարի, 2023
Հանրային քրեական հետապնդում՝ Վլադիմիր Գասպարյանի կողմից 858 մլն արժողությամբ անշարժ գույքի վատնման փորձին օժանդակելու համար

Հանրային քրեական հետապնդում՝ Վլադիմիր Գասպարյանի կողմից 858 մլն արժողությամբ անշարժ գույքի վատնման փորձին օժանդակելու համար

Գ.Հ.-ն, 2011-2018 թվականներին, զբաղեցնելով Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետի, իսկ 2012-2018 թվականներին համատեղությամբ նաև՝ Հայաստանի «Դինամո» մարզական ՀԿ (այսուհետև՝ Կազմակերպություն) նախագահի տեղակալի պաշտոնը և հանդիսանալով նույն Կազմակերպության ընդհանուր ժողովի քարտուղարը, կատարել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև օժանդակել է Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով՝ 857 մլն 891 հազար 44 դրամ արժողությամբ, Երևանի քաղաքի Չարենցի փողոցի 72 հասցեում գտնվող անշարժ գույքի վատնման փորձին: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Մասնավորապես, Վ.Գ.-ն, որպես Ոստիկանության պետ, 2012-2019 թվականների ընթացքում, հանդիսանալով Կազմակերպության նախագահ, նպատակադրվել է վատնման եղանակով հափշտակել վերջինիս սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցի 72 հասցեում գտնվող առանձնապես խոշոր չափերի գույքը՝ բաղկացած «Դինամո» լողավազանի շինությունից, դրա հարակից տարածքից և շենք-շինություններից:  Գ.Հ.-ն, գույքի օտարման՝ Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգը պահպանված լինելու պատրանք ստեղծելու նպատակով, վերադասին չհակադրվելու և հաճոյանալու անձնական այլ դրդումներով՝ Վ.Գ.-ի հետ իրենց ստորագրություններով հաստատել են պաշտոնական կեղծ փաստաթուղթ՝ Կազմակերպության արտահերթ ընդհանուր ժողովի թիվ 3 արձանագրությունը, որով հավաստվել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստ. իբր 2017 թվականի նոյեմբերի 28-ին, Վ.Գ.-ի նախագահությամբ և իր քարտուղարությամբ, Կազմակերպության 70 անդամներից 65-ի մասնակցությամբ կազմակերպվել և անցկացվել է արտահերթ ընդհանուր ժողով, որի արդյունքում ժողովի անդամները միաձայն որոշել են Կազմակերպության գույքային ֆոնդում՝ Չարենց փողոցի 72 հասցեում գտնվող գույքն անհատույց, որպես սեփականություն հանձնել (նվիրել) «Նորացված փյունիկ» ֆուտբոլային ակումբ ՀԿ-ին: Այնուհետև, Գ.Հ.-ն, կեղծ արձանագրության օգտագործմամբ, 2018 թվականի ապրիլի 9-ին, Հայաստանի «Դինամո» մարզական ՀԿ անունից «Նորացված փյունիկ» ֆուտբոլային ակումբ ՀԿ-ի հետ՝ ի դեմս տնօրեն Ռ.Հ.-ի, նոտարական կարգով կնքել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որի համաձայն՝ նվիրատուն նվիրել է, իսկ նվիրառուն՝ ընդունել 5902,5 քմ սեփականություն հանդիսացող շենք-շինություններից և անորոշ ժամկետով անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով 1,103556 հեկտար հողամասից բաղկացած, ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափի՝ 857 մլն 891 հազար 44 դրամ արժողությամբ, Երևանի քաղաքի Չարենցի փողոցի 72 հասցեում գտնվող անշարժ գույքը: Պայմանագրից ծագած իրավունքների պետական գրանցման նպատակով նվիրառուի՝ «Նորացված փյունիկ» ֆուտբոլային ակումբ ՀԿ ներկայացուցիչ Ա.Մ.-ի կողմից, պայմանագիրը 2018 թվականի ապրիլի 12-ին ներկայացվել է Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, սակայն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը մերժվել է, քանի որ օտարման ենթակա, շենք-շինություններով ծանրաբեռնված հողամասը հանդիսացել է ոչ թե հիշյալ Կազմակերպության, այլ Երևան համայնքի սեփականությունը (այն Կազմակերպությանը տրամադրված է եղել անհատույց օգտագործման պայմանագրով, իսկ գրանցման համար չեն ներկայացվել անհատույց օգտագործման պայմանագրով սահմանված համապատասխան պահանջները կատարելու մասին փաստաթղթեր): Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Գ.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում. մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:00 - 13 դեկտեմբերի, 2022
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վ. Գ.-ի (Վլադիմիր Գասպարյանի) կինը՝ Ս. Գ.-ն (Սուսաննա Գասպարյան) (Ս.Ս.), միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է պաշտոնատար անձ, իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Վ. Գ.-ին, որը պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2000-2010 թվականների ընթացքում վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույք: Մասնավորապես, Ս. Գ.-ն 2000 թվականի մայիսի 11-ից մինչև 2008 թվականի հուլիսի 24-ը զբաղեցրել է ՊՆ ռազմական ոստիկանության վարչության՝ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների և դասալիքների դեմ պայքարի բաժնի վերլուծության խմբի պետի,  2008 թվականի հուլիսի 24-ից մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը՝ նույն բաժնի ավագ սպայի, 2010 թվականի հուլիսի 1-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում՝ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների և դասալքության դեմ պայքարի բաժանմունքի ավագ սպայի պաշտոնները, այնուհետև՝ տեղափոխվել է Ոստիկանության կադրերի վարչության տրամադրության տակ: Վ. Գ.-ն, տեղյակ լինելով, որ իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Ս. Գ.-ն, ավելի քան տասնմեկ տարի՝ 2000 թվականի մայիսից մինչև 2011 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ծառայության չի ներկայացել և պաշտոնից բխող ծառայողական պարտականությունները երբևէ չի կատարել, ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև 2000-2010 թվականների ընթացքում ստորագրել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծերը, Ֆինանսների նախարարության գանձապետարան ուղարկվող կամ գանձապետական ծրագիր մուտքագրվող փոխանցագրերը, որոնցում ընդգրկված են եղել նաև Ս. Գ.-ի տվյալները: Արդյունքում` հիշյալ ժամանակահատվածում Ս. Գ.-ին որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարումներ փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 17 մլն 275 հազար 721 դրամ: Մեկ այլ դեպքով, Ս. Գ.-ն, 2011 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 11-ը, հանդիսանալով Ոստիկանության պետի աշխատակազմի ոստիկանության պետի ավագ ռեֆերենտ, պաշտոնին նշանակվելուց ի վեր պարբերաբար ծառայության չի ներկայացել և ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, ավելին՝ առանց վերադասին ուղղված՝ իրեն արձակուրդ տալու մասին զեկուցագրերի և դրանց հիման վրա արձակուրդ տրամադրելու վերաբերյալ հրամանների, մի շարք դեպքերում տարբեր տևողություններով բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, որով պայմանավորված՝ չի ներկայացել ծառայության: Այս պայմաններում, 2011 թվականի դեկտեմբերի 30-ի և 2016 թվականի դեկտեմբերի 30-ի հրամաններով՝ նրան շնորհվել են «փոխգնդապետ», ապա՝ «գնդապետ» հատուկ կոչումները, ապա նաև նրա անվամբ փոխանցվել է 19 մլն 422 հազար 319 դրամ գումար: Իր հերթին Վ. Գ.-ն, լավատեղյակ լինելով կնոջ՝ Ս. Գ.-ի կողմից 2011 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ծառայության չներկայանալու և ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու մասին, կնոջը կարգապահական խախտման համար կարգապահական տույժի չենթարկելու, այդ թվում՝ Ոստիկանությունից չազատելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը դիտավորյալ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ժամանակին չի հայտնաբերել ենթակայի՝ Ս. Գ.-ի կատարած կարգապահական խախտումների պատճառները, չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, ավելին՝ վերջինիս կողմից պարբերաբար ծառայության չներկայանալու և ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու պայմաններում 2011 թվականի դեկտեմբերի 30-ի և 2016 թվականի դեկտեմբերի 30-ի հրամաններով նրան շնորհել է «փոխգնդապետ», ապա՝ «գնդապետ» հատուկ կոչումները, ինչպես նաև նրա անվամբ փոխանցել է 19 մլն 422 հազար 319 դրամ գումար: Այսպիսով, Ս. Գ.-ն Վ. Գ.-ի հետ խմբի կազմում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է պաշտոնեական դիրքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Վերը նշված հանցանքները կատարելու համար 2022 թվականի դեկտեմբերի 3-ին որոշում է կայացվել Ս. Գ.-ի նկատմամբ արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով և 38-179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Հիշեցենք, որ օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
12:42 - 05 դեկտեմբերի, 2022