shantnews.am: ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՌԴ կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին: Նա նշեց՝ այստեղ անհանգստանալու կամ նեղանալու կարիք չկա:
«Հայաստանին մատակարարվել է այնպիսի սպառազինություն, ինչպիսին նախկինում երբեք չի մատակարարվել: Այնպես որ, հատկապես Ռուսաստանից Հայաստանին զենք չմատակարարելու համար նեղանալը մեղք է: Այս հարցն այստեղ՝ ՀԱՊԿ-ի խորհրդարանական ասամբլեայում չի քննարկվել, քանի որ խորհրդարանական ասամբլեայի իրավասությունների մեջ չի մտնում, բայց կան հարթակներ, որոնցում քննարկվել և քննարկվում են»,- ասաց նա:
Կալաշնիկովը նշեց՝ Ռուսաստանը զենք է վաճառում ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև իր դաշնակիցներին, գործընկերներին, դաշնակիցներին, որոնց թվում է նաև Հայաստանը, վաճառում է անհամեմատ ավելի, այնպիսի զենք, որ ուրիշ երկրների չի վաճառում: Արձագանքելով դիտարկմանը, թե Հայաստանին անհանգստացնում է այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին՝ նա պատասխանեց.
«Իհարկե, անհանգստացնում է, այնպես, ինչպես Ադրբեջանին անհանգստացնում է, որ մենք Հայաստանին նորագույն զինատեսակներ ենք վաճառում: Դրա համար գոյություն ունեն երկրների ղեկավարներ, թող իրենք էլ մտածեն, իրենց գլուխը թող շարունակի ցավել»:
comment.count (0)