ԵԱՏՄ-ի հետ ներքին քննարկումներ կունենանք. Քերոբյանը՝ մեքենաների մաքսազերծման գների մասին
 |armeniasputnik.am|
14:10 - 01 դեկտեմբերի, 2023

ԵԱՏՄ-ի հետ ներքին քննարկումներ կունենանք. Քերոբյանը՝ մեքենաների մաքսազերծման գների մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ կառավարությունը 3-րդ երկրներից Հայաստան ժամանակավոր ներմուծված մեքենաների մաքսազերծման գների հարցով ներքին քննարկումներ կանցկացնի ԵԱՏՄ գործընկերների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մինչև տարեվերջ ՀՀ կառավարությունը 40-70 տոկոսով կսուբսիդավորի 3-րդ երկրներից ՀՀ ժամանակավոր ներմուծված մեքենաների մաքսազերծումը։ Միաժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր, որ ներմուծման մաքսատուրքը ՀՀ-ում պետք է նվազեցնել, սակայն խնդիրը ԵԱՏՄ կարգավորումն է, և ՀՀ-ն չի կարող միակողմանի լուծել այդ խնդիրը։

«Այս հարցով մենք ներքին քննարկումներ կանցկացնենք ու ըստ այդմ որոշումներ կկայացնենք։ Օրինակ` էլեկտրական շարժիչներով մեքենաները մաքսատուրքից ազատելու որոշումը ԵԱՏՄ մեր գործընկերների հետ քննարկումներում հենց մեր նախաձեռնությամբ է եղել»,- ասաց Քերոբյանը` հիշեցնելով ՀՀ Ազգային ժողովի ընդունած որոշումը, որով էլեկտրաշարժիչով մեքենաները մինչև 2026 թ. ազատվեցին ԱԱՀ-ից և մաքսատուրքից։

Նախարարն ընդգծեց` ԵԱՏՄ-ն հարթակ է, որտեղ տարբեր երկրներ ունեն հավասար ձայնի իրավունք, և այն խնդիրների դեպքում, որտեղ ՀՀ կառավարությունը առաջարկներ ներկայացնելու կարիք է տեսնում, անում է։

Նա նաև տեղեկացրեց, որ մաքսազերծման սուբսիդավորումը վերաբերում է միայն այն մեքենաներին, որոնք արդեն իսկ ՀՀ-ում են. 2024 թ. հունվարի 1-ից 3-րդ երկրներից ՀՀ ժամանակավոր ներմուծված ու չմաքսազերծված մեքենաների շահագործումը կարգելվի։

Հիշեցնենք` ՀՀ կառավարության մեկ այլ որոշման համաձայն` 2024 թ. հունվարի 1-ից Վրաստանից կամ ԵԱՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար ՀՀ քաղաքացիները պետք է մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին գումար վճարեն։ Այս պահին ՀՀ-ում կա ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված 9000 ավտոմեքենա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել