Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում շուկայում հայտնված մսամթերքն առգրավվելու և ոչնչացվելու է. ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ
 |armenpress.am|
16:09 - 05 դեկտեմբերի, 2023

Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում շուկայում հայտնված մսամթերքն առգրավվելու և ոչնչացվելու է. ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ |armenpress.am|

armenpress.am: Հանրապետությունում միս-մսամթերքի իրացման շուկայում դեկտեմբերի 6-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ։ Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված միս հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, այն առգրավվելու և ոչնչացվելու է։ Ամբողջ ֆինանսական ծախսը կատարելու է տնտեսվարողը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը նշեց, որ սպանդանոցային պայմաններում մորթի գործընթացը կազմակերպելու պահանջը վաղուց կա, սակայն շատերը չեն հետևում դրան։ Արդյունքում՝ շուկայում արձանագրվել են խախտումներ։

«Անհրաժեշտ է կիրառել հստակ միջոցառումներ, որ տնտեսվարողները զգոն լինեն, իսկ սպառողներն էլ՝ իրազեկված։ Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված միս շուկայում հայտնաբերելու դեպքում ամբողջ խմբաքանակն առգրավվելու և ոչնչացվելու է։ Նախկինում այս դրույթը չկար, հիմա վերահսկողությունը շատ խիստ է լինելու»,- ասաց Աշխեն Շիրվանյանը։

Խոսելով շուկայում հայտնաբերված խախտումներից՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանը նշեց, որ գնալով դրանց թիվն ավելանում է։ Մասնավորապես, 2022 թվականին իրականացվել է 270 ստուգում, հայտնաբերվել է 93 խախտում։ Այս տարվա 9 ամիսներին իրականացվել է 261 ստուգում, հայտնաբերվել է 106 խախտում։

«Ինչպես տեսնում եք, սրանք 9 ամսվա տվյալներն են, տարվա կտրվածքով ավելի շատ կլինի այդ ցուցանիշը։ Ամենաշատ հանդիպող խախտումներն այն են, որ միս-մսամթերքն իրացվել են շուկայում առանց համապատասխան այն փաստաթղթի, որը կհավաստեր սպանդանոցային մորթը։ Քիչ չեն դեպքերը, որ փաստաթղթերը կան, սակայն գործնականում սպանդանոցում մորթը կազմակերպված չի եղել։ Խախտումներ արձանագրվել են ինչպես ֆիզիկական, իրավաբանական անձանց մոտ, այնպես էլ մանր, խոշոր տնտեսվարողների»,- ասաց Սոնա Ծառուկյանը։ Այժմ ուժի մեջ են մտնում լրացուցիչ կարգավորումներ, ըստ որոնց անհրաժեշտ փաստաթուղթը հնարավոր կլինի ստանալ այն դեպքում, երբ սպանդանոցային պայմաններում իրականացված մորթի տեսանյութը կներբեռնվի։

Նախատեսվում է նաև փոփոխություններ կատարել վարչական իրավախախտումների մասին օրենքում՝ ավելացնելով տուգանքների չափը։ Ներկայում տուգանքի չափը 30 հազարից 300 հազար դրամի սահմաններում է։ Քիչ չեն դեպքերը, որ նույն տնտեսվարողները մի քանի անգամ են տուգանվել։ Այս իրավիճակը ցույց է տալիս, որ տուգանքները, ֆինանսական լծակը ևս բավարար չափով իր ազդեցությունը չեն ունեցել։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանում գրանցված է մոտ 100 սպանդանոց, սակայն գործում է կեսը, այն էլ ոչ ամբողջ հզորությամբ։

«Խնդիրն այն է, որ սպանդանոցները բացվում են, հետո հասկանում են, որ պահանջարկ չկա, նորից փակվում են։ Հիմա մեր այս կարգավորումները նպատակաուղղված են նրան, որ սպանդանոցները լիարժեք աշխատեն, մորթը կատարվի պատշաճ պայմաններում։ Տնտեսվարողները գիտակցեն, որ գործ ունեն հանրային առողջության հետ և իրենք պարտավոր են պահպանել օրենքի պահանջները»,-հավելեց նախարարի տեղակալը։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել