tert.am: Մոսկվայում այսօր՝ դեկտեմբերի 7-ին կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Էբրահին Ռաիսիի հանդիպումը, որի ընթացքում նախագահներն անդրադարձել են Մոսկվայի ու Թեհրանի միջև հարաբերություններին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ նախագահի խոսքով՝ ռուս-իրանական հարաբերությունները շատ լավ են զարգանում, երկրներն ակտիվ համագործակցում են գրեթե բոլոր ուղղություններով, իսկ նախորդ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 20%-ով։
Պուտինը նաև հավելել է, որ տարեվերջին նախատեսվում է ստորագրել համաձայնագիր Իրանի և ԵԱՏՄ-ի միջև, ինչը, ըստ ՌԴ առաջնորդի, հավելյալ հնարավորություններ կստեղծի փոխգործակցության ընդլայնման համար։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ևս դրական է գնահատել ՌԴ-ի և Իրանի հարաբերությունները՝ նշելով, որ վերջին տարիներին կա առաջընթաց, սակայն երկու երկրների շահերից է բխում այն էլ ավելի զարգացնելը։
Նա հավելել է, որ ՌԴ նախագահի հետ այս բանակցությունները կօգնեն բարենպաստ պայմաններ ստեղծել՝ կյանքի կոչելու այն հնարավորությունները, որոնք ունեն ռուս-իրանական հարաբերությունները։
Բացի այդ, կողմերը նաև մտքեր են փոխանակել իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ, քննարկել իրավիճակը Գազայի հատվածում։
comment.count (0)