Գյումրիի նոր փոխքաղաքապետեր նշանակելու հարցը քննարկման փուլում է
 |armenpress.am|
17:04 - 13 դեկտեմբերի, 2023

Գյումրիի նոր փոխքաղաքապետեր նշանակելու հարցը քննարկման փուլում է |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Գյումրիի քաղաքապետի տեղակալների պաշտոններից հրաժարվելուց հետո նոր փոխքաղաքապետերի նշանակման հարցը դեռ քննարկման փուլում է․ այդ պաշտոններում թեկնածուների անուններ դեռ չեն շոշափվում։

Դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը: «Այս պահին պաշտոնները թափուր են ու ողջ աշխատանքն իմ ուսերին է»,- նշեց քաղաքապետը՝ հավելելով, որ Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտարարությունից հետո «Բալասանյան դաշինքի» օրակարգում չկա Գյումրիի ավագանու այլ խմբակցության հետ միանալու և կոալիցիա կազմելու հարցը։

Խոսելով իր հրաժարականի լուրերի մասին՝ քաղաքապետը նշեց, որ իր ընտրողներն են տվել քվեն ու միայն նրանք կարող են այն հետ վերցնել: Սամսոնյանը վստահեցրեց, որ իր վրա այդ հարցով ճնշումներ չեն գործադրվում։

«Մեն տրամադրված ենք աշխատելու ու էլ ավելի շատ ենք աշխատելու»,- ասաց Վարդգես Սամսոնյանը։

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Գյումրիում միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ 2021թ․ հոկտեմբերի 30-ին ստորագրած «Համագործակցության մասին» հուշագիրը: Հայտարարությունից հետո հրաժարական տվեցին Գյումրու երկու փոխքաղաքապետերը, որոնք ՔՊ-ի ներկայացուցիչներ էին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել