Բաքուն չի արձագանքել դեպի ծով ելք չունեցող երկրների նախարարական հանդիպման մասնակցության հրավերին․ ՀՀ ԱԳՆ |azatutyun.am|
12:20 - 14 դեկտեմբերի, 2023

Բաքուն չի արձագանքել դեպի ծով ելք չունեցող երկրների նախարարական հանդիպման մասնակցության հրավերին․ ՀՀ ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի բոլոր անդամներին ուղարկվել է համատեղ հրավեր Հայաստանի արտգործնախարարի և ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի կողմից, Ադրբեջանական կողմը մասնակցության հրավերին չի արձագանքել, «Ազատության» հարցին ի պատասխան, պարզաբանել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Այսօր Երևանում կայացավ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը։ Խմբի անդամ են Աֆղանստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Բութանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Լաոսը, Մոնղոլիան, Նեպալը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը։ Երեք տարին մեկ ցանկը թարմացվում է։

Բադալյանը նշել է, որ այն ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենախոշոր միջոցառումներից է, մասնակցում են 30-ից ավելի օտարերկրյա պատվիրակություններ, որոնց թվում են՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների ներկայացուցիչներ, տարածաշրջանի և Հայաստանի հարևան երկրների ներկայացուցիչներ:

«Միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նաև տեսաուղերձով հանդես գալու հնարավորություն, ինչի շնորհիվ կապահովվի ՄԱԿ Աֆրիկայի, ինչպես նաև ՄԱԿ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովների, Համաշխարհային մաքսային կազմակերպության և Սևծովյան տնտեսական համագործակցության գլխավոր քարտուղարների հեռավար մասնակցությունը», - նշել է Բադալյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել