Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր հանդիպում է ունեցել օրերս Հայաստան վերադարձած շիրակցի գերիների հարազատների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Կառավարության ղեկավարն իր խոսքում նշել է, որ այս երեք տարիների ընթացքում ամեն հնարավոր բան արվել է գերիների վերադարձի համար:
«Չնայած պարզ է, որ բոլորս էլ անհամբեր էինք օր առաջ տեսնել նրանց վերադարձը, բայց շնորհակալություն եմ հայտնում ձեզ համբերատարության համար, որովհետև դա շատ կարևոր էր: Մարդկայնորեն շատ բարձր եմ գնահատում ձեր համբերատարությունը»,-ասել է վարչապետը և հավելել, որ ամեն բան պետք է արվի, որպեսզի մեր եղբայրները վերադառնան բնականոն կյանքի:
Գերիների հարազատները շնորհակալական խոսքեր են հղել վարչապետին և կառավարությանը` գործադրած ջանքերի համար:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ ադրբեջանական կողմը ազատ էր արձակելու 32 հայ զինծառայողների, հայկական կողմը իր հերթին ազատ պետք է արձակեր 2 ադրբեջանցի զինծառայողի։
Դեկտեմբերի 13-ին արդեն 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատեցին Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
comment.count (0)