ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ին ԼՂ կառավարության պարտավորությունների պահանջի զիջման մասին նախագիծը. արտահերթ նիստն ավարտվեց
18:54 - 22 դեկտեմբերի, 2023

ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ին ԼՂ կառավարության պարտավորությունների պահանջի զիջման մասին նախագիծը. արտահերթ նիստն ավարտվեց

Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 22-ին գումարված արտահերթ նստաշրջանն ավարտվեց: ԱԺ-ն առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծեր, որոնց թվում էին ԱԱԾ տնօրենին և նրա տեղակալներին վարչապետի կողմից նշանակելու, ՏՏ ոլորտի արտոնությունները ևս 1 տարով երկարաձգելու մասին նախագծերը:

Պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև մուտքի և ելքի ռեժիմի մասին համաձայնագիրը վավերացնելու նախագծին, որով նախատեսվում է ՀՀ և ԱՄԷ քաղաքացիներին թույլատրել, որ առանց մուտքի վիզայի գտնվեն մյուս երկրում առավելագույնը 90 օր:

Արտահերթի օրակարգում էր նաև «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը ենթադրում էր ՀՀ-ին ԼՂ կառավարության պարտավորությունների պահանջի զիջում: Նախագծով նախատեսվում է մինչև 225 մլրդ անվանական արժեքով գանձապետական պարտատոմսեր թողարկել:

«Փաստացի ՀՀ-ն ԼՂ-ի պարտքը վերցնում է իր վրա, այսինքն՝ ինքն է դառնում պարտապան ՀՀ բանկերին»,- անդրադառնալով նախագծին՝ հարցի քննարկման ժամանակ ասել էր ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել