ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 7-րդ նախարարական հանդիպմանը
22:12 - 22 դեկտեմբերի, 2023

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 7-րդ նախարարական հանդիպմանը

ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Իրանում խոսել է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային հուշարձանների, եկեղեցիների և սրբատեղիների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ոչնչացման քաղաքականության մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
Գևորգյանն Իրանում մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 7-րդ նախարարական հանդիպմանը։
 
«Նախարարի տեղակալը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության ավերումը։ Այդ տեսանկյունից ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության հրատապ իրականացման անհրաժեշտությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Գևորգյանը նաև բարձր է գնահատել հայ-իրանական դարավոր մշակութային կապերն ու երկկողմ համագործակցությունը՝ մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ:
Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Ֆորումի նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվել է Թեհրանի հռչակագիրը, որում ամրագրվել են հակամարտային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանությունը և այդ ուղղությամբ միջազգային համագործակցությունը կարևորող դրույթներ:
Նշվում է, որ Իրանի ԱԳ նախարարի նախագահությամբ անցկացված հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Բոլիվիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Հունաստանի, Իտալիայի, Իրաքի և Մեքսիկայի պատվիրակությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել