Հայաստանի ԱԳ նախարարը և Շվեդիայի ԵՄ հարցերով նախարարն ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը
21:01 - 12 նոյեմբերի, 2024

Հայաստանի ԱԳ նախարարը և Շվեդիայի ԵՄ հարցերով նախարարն ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 12-ին Ստոկհոլմում հանդիպում է ունեցել Շվեդիայի ԵՄ հարցերով նախարար Յեսսիկա Ռոզենկրանցի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, որն արտացոլվել է համագործակցության տարբեր ոլորտներում և ներկայումս բանակցվող Գործընկերության նոր օրակարգի նախագծում։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է վարչապետ Փաշինյանի կողմից Եվրոպական խորհրդարանում արված հայտարարությունն առ այն, որ ՀՀ-ն պատրաստ է մոտենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի։ Նախարար Միրզոյանը զրուցակցին տեղեկացրել է նաև Հայաստանի հասարակության շրջանում ԵՄ հետ գործընկերության խորացման շուրջ ակտիվ քննարկումների մասին։ Հայաստանի և Շվեդիայի նախարարները պայմանավորվել են դիտարկել երկու երկրների միջև փոխգործակցության նոր հնարավորություններ, նախաձեռնություններ, որոնք կարող են լրացուցիչ խթանել ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը տարբեր ուղղություններով։

Ըստ աղբյուրի՝ տարածաշրջանային անվտանգային զարգացումների համատեքստում նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հիմնական զարգացումները։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել