8 բուհից 7-ը հրաժարվում է «Ակադեմիական քաղաքի» վերաբերյալ հանրային մեկնաբանությունից
16:49 - 27 դեկտեմբերի, 2023

8 բուհից 7-ը հրաժարվում է «Ակադեմիական քաղաքի» վերաբերյալ հանրային մեկնաբանությունից

Կառավարության «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հանրության շրջանում ակտիվ քննարկումներ առաջացրեց։ Ըստ հայեցակարգի՝ Երևանի 17-րդ թաղամասին կից կառուցվելու է 700 հա մակերեսով առանձին քաղաք, որտեղ միավորվելու են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները և գիտական ինստիտուտները։ Նախատեսվում է նաև բնակելի թաղամասի կառուցապատում, որտեղ կապրեն այդ հաստատությունների աշխատակիցները։ 

Այսպիսով, Կառավարությունը նախատեսում է խոշորացնել Հայաստանի պետական բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները՝ միավորելով դրանք հետևյալ կլաստերներում՝ Տեխնոլոգիական, Արվեստների, Կրթական, Սպայական, Դասական և Բժշկական։ Սրանցից չորսը տեղակայվելու են նոր կառուցվող Ակադեմիական քաղաքի տարածքում։ Դասական կլաստերը, որը ներառում է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշական կլաստերը՝ ներառյալ Հերացու անվան բժշկական համալսարանը, այս պահին կմնան Երևանում։

Թե կոնկրետ ինչ բուհեր ու գիտահետազոտական ինստիտուտներ են միավորվելու և ձևավորելու կլաստերները, հայեցակարգում դեռևս չի նշվում։ Հայտնի է միայն, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Կառավարությունը մինչև փետրվարի 15-ը բուհերից ու ինստիտուտներից հայեցակարգային առաջարկների է սպասում, «որոնց հիման վրա կմշակվի խոշորացման ընդհանուր դրույթային բազան»: 

«Ինֆոքոմը» հոկտեմբերին որոշեց հարցազրույցների շարք սկսել գիտական ինստիտուտների ու բուհերի ղեկավարների, պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով հասկանալու, թե ինչ դիրքորոշում ունեն տարբեր կողմերն այս ծրագրի վերաբերյալ, և ինչ առաջարկներ են բուհերն ու գիտահետազոտական կազմակերպությունները պատրաստվում ներկայացնել Կառավարություն։

Այս ընթացքում մենք արդեն հարցազրույցներ ենք հրապարակել Գիտությունների ազգային ակադեմիայի` Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրենի, ինչպես նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի հետ։

Զուգահեռ հարցազրույցի հրավեր ենք ուղարկել նաև 8 բուհերի, սակայն դրանցից 7-ի ռեկտորները կամ գիտության գծով պրոռեկտորները հրաժարվել են հարցազրույց տալ։ Հարցազրույցի հրավերն ընդունել է միայն Տնտեսգիտական համալսարանը։

Քանի որ բարձրագույն կրթության համակարգում «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը խոշոր փոփոխություններ է ենթադրում, պետական բուհերի դիրքորոշումն այդ փոփոխությունների վերաբերյալ կարևոր է։ Այդ է պատճառը, որ հարցազրույցի հրավերը մերժած բուհերին խնդրել ենք մեկնաբանել, թե որն է հրաժարվելու պատճառը։ Ստորև ներկայացնում ենք նրանց մեկնաբանությունները։

 

Հայաստանի ազգային ագրարային համալսարան (21․11․2023)

Ագրարային համալսարանի Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Սոս Ավետիսյանն «Ինֆոքոմի» լրագրողի հետ հեռախոսազրույցում նշեց, որ  Ագրարային համալսարանը ողջունում է բուհերն ուժեղացնելու նախաձեռնությունը, բայց ծրագիրը սաղմնային փուլում է, այդ պատճառով իրենք մեկնաբանություն չեն կարող տալ։ Իսկ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի վերաբերյալ առաջարկներն արդեն ներկայացրել են Կառավարություն։

 

Երևանի պետական համալսարան (22.11.2023)

Երևանի պետական համալսարանի ռեկտորի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը նշեց, որ Երևանի պետական համալսարանը դեռ չի կարող որևէ մեկնաբանություն տալ, քանի որ համալսարանում ներքին քննարկումները դեռևս շարունակվում են։

 

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (22․11․2023)

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանը պաշտոնական գրություն ուղարկեց, որում նշվում էր․ ««Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի, ինչպես նաև ՀՀ կառավարությանը համալսարանի կողմից հայեցակարգային առաջարկներ ներկայացնելու վերաբերյալ հարցազրույցի տրամադրումը մերժվել է, քանի որ դրանք քննարկման ու մշակման փուլում են»։

 

Հայկական պետական մանկավարժական համալսարան (23․11․2023)

Մանկավարժական համալսարանի Լրատվության և հանրության հետ կապերի կենտրոնի ղեկավար Դիանա Մարկոսյանը գրություն ուղարկեց, որում նշվում է․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի հանրային քննարկումները դեռ ընթացքի մեջ են, և կառավարության համապատասխան որոշումը տեղադրված է e-draft հարթակում` ազատ քննարկման համար, բուհի պրոֆեսորադասախոսական կազմն այն ուսումնասիրում է, հետևում գործընթացներին՝ ձևավորելու համար հիմնավորված դիրքորոշում։

Հընթացս ՀՊՄՀ-ում ստեղծվել է ժամանակավոր հանձնաժողով՝ ռեկտորի  գլխավորությամբ, համապատասխան մասնագետների և դեկանների ներգրավմամբ, որոնք համակարգում են գործընթացը։

Քանի որ ուսումնական տարվա սկիզբը ծանրաբեռնված էր՝ պայմանավորված Արցախից ներգաղթած մեր հայրենակիցների ուսումնառության իրավունքներն ապահովելու խնդրով, նաև այժմ բուհն անցնում է հավատարմագրման հերթական փուլը՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի քննարկումը նախատեսել ենք բուհի գիտական խորհրդի առաջիկա նիստերում»։

Նշենք, որ Կառավարությունն «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգն ընդունել է հոկտեմբերի 19-ին։ Այսինքն՝  Մանկավարժական համալսարանի՝ գրավոր պատասխանը մեզ ուղարկելու պահին հայեցակարգի նախագիծը տեղադրված չէր միայն e-draft հարթակում, այլ հաստատված էր Կառավարության կողմից։

 

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (24․11․2023)

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վովա Արզումանյանը գրություն ուղարկեց, որտեղ նշվում է․ «Տեղեկացնում ենք, որ այս օրերին խիստ ծանրաբեռնվածությամբ պայմանավորված չենք կարող  հարցազրույցը կազմակերպել։ ԵԹԿՊԻ-ում այս պահին ընթանում են ծավալուն աշխատանքներ` կրթական ծրագրերի բարելավումների, ինչպես նաև ուսանողական նախագծերի ներկայացման նոր կարգի մշակման և նախապատրաստման ուղղությամբ»։

 

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա 

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ընդհանուր բաժնի աշխատակցի հետ մի քանի հեռախոսազանգ ունեցանք․ բուհը, սակայն, ո՛չ նշեց՝ ընդունո՞ւմ է, թե՞ չի ընդունում հարցազրույցի հրավերը, ո՛չ էլ որևէ գրավոր կամ բանավոր մեկնաբանություն տրամադրեց։

 

Հայաստանի ազգային պոլիտեխնիակական համալսարան (26.12.2023)

Հայաստանի ազգային պոլիտեխնիակական համալսարանի խոսնակը խնդրեց պաշտոնական մեկնաբանության համար դիմել համալսարանի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Ռաֆայել Թովմասյանին։ Վերջինս մեզ հետ զրույցում խոստացավ հստակեցնել՝ արդյո՞ք Պոլիտեխնիկական համալսարանն ընդունում է հարցազրույցի հրավերը, թե՞ ոչ։ Սակայն մեր հետագա զանգերն անպատասխան մնացին։

 

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել