Վերջին 4 տարում Թուրքիան իրավական օգնության 200 հարցում է ուղարկել Հայաստան
 |hetq.am|
20:09 - 03 հունվարի, 2024

Վերջին 4 տարում Թուրքիան իրավական օգնության 200 հարցում է ուղարկել Հայաստան |hetq.am|

hetq.am: 2020թ.-ից սկսած Վրաստանում Թուրքիայի Հանրապետության դեսպանությունից Հայաստանի արտաքին գործերի նախարարության միջոցով արդարադատության նախարարություն ստացվել է 200 իրավական օգնության հարցում (2023թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ): Ամենաշատ հարցումները ստացվել են 2022թ․-ին:

Արդարադատության նախարարությունից «Հետք»-ին հայտնում են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև իրավական օգնությունն իրականացվում է միջազգային իրավական փաստաթղթերի հիման վրա: Մասնավորապես՝ փոխօգնությունը տրվում է «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959թ. եվրոպական, «Արտերկրում քաղաքացիական և առևտրային գործերով դատական և արտադատական փաստաթղթերի հանձնման մասին» 1965թ. Հաագայի, «Քաղաքացիական կամ առևտրային գործերով արտերկրում ապացույցներ ձեռք բերելու մասին» 1970թ. Հաագայի կոնվենցիաների հիման վրա:

2020-2023թթ. Հայաստանը ոչ մի դեպքով չի դիմել Թուրքիայի Հանրապետությանը՝ իրավական օգնության խնդրանքով: Թեև Ադրբեջանը ևս ստորագրել է այդ կոնվենցիաները, սակայն նշված ժամանակահատվածում ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը իրավական օգնության հարցումներ միմյանց չեն ուղարկել: 

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ վերոնշյալ Կոնվենցիաների շրջանակներում Հայաստանի կողմից հաղորդակցությունն իրականացվում է նախարարության միջոցով և ստացված իրավական օգնության հարցումները փոխանցվում է իրավասու մարմիններին՝ կատարումն ապահովելու նպատակով: Օրինակ, դատական հանձնարարությունների դեպքում դրանք փոխանցվում են Դատական դեպարտամենտ:

Արդարադատության նախարարությունն իրավական օգնության վերաբերյալ հարցումներ ստանալիս ստուգում է դրանց համապատասխանությանը Կոնվենցիաների դրույթներին: Նախարարությունից հետաքրքրվել էինք, թե Թուրքիայից ստացված այդ հարցումներն արդյոք վերաբերել են նաև ՀՀ քաղաքացիներին, ու ինչ որոշումներ են կայացվել:

Պատասխանել են, որ այդ անձինք հիմնականում ազգությամբ հայ են, որոնց քաղաքացիության վերաբերյալ տեղեկատվության չեն տիրապետում, քանի որ ստուգելու լիազորություն չունեն:

«Նախարարությունը վերոնշյալ կոնվենցիաների շրջանակներում ստացված հանձնարարությունների արդյունքների բովանդակության մասին տեղեկատվության չի տիրապետում, քանի որ հանձնարարության կատարման արդյունքները ՀՀ իրավասու դատարանների կողմից ստանալուն պես ուղարկվում են նախաձեռնողին»,- հայտնում են Արդարադատության նախարարությունից:

Դիմել էինք նաև Դատական դեպարտամենտին: Այնտեղից պատասխանել են, որ 2020-2021թթ. Արդարադատության նախարարությունից ստացված ուղեկցական գրություններով հստակ արտացոլված չի եղել, թե որ կոնվենցիայի շրջանակներում են կազմվել և ինչ բնույթի իրավական հարցումներ են ուղարկվել: Իսկ 2021-2023թթ. ստացված հարցումները եղել են «Քրեական գործերով իրավական փոխօգնության», ինչպես նաև «Արտերկրում քաղաքացիական և առևտրային գործերով դատական և արտադատական փաստաթղթերի հանձնման» մասին կոնվենցիաների շրջանակներում:

Դատական դեպարտամենտը ևս տեղեկություն չի փոխանցել, թե այդ հանձնարարությունների հիման վրա, ինչպիսի որոշումներ են կայացվել:

Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել