Սուրեն Պապիկյանը տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր չի տեսնում
 |azatutyun.am|
17:15 - 15 հունվարի, 2025

Սուրեն Պապիկյանը տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր չի տեսնում |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի սահմանների անվտանգությունը պիտի երաշխավորենք մեր բալանսավորված քաղաքականությամբ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե հայ-ամերիկյան ռազմավարական կանոնադրությունը որքանո՞վ կարող է երաշխավորել ՀՀ սահմանների անվտանգությունը։

«Դերը դնել միայն Զինված ուժերի վրա, դնել մեկ գործընկերոջ վրա, լուծում չէ։ Մենք համատեղ ջանքերով և նաև երկխոսությամբ պիտի լուծենք ծառացած խնդիրները», - ասաց նա։

Հայաստանը և Միացյալ Նահանգները երեկ ստորագրեցին ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Փաստաթուղթը համագործակցության մի քանի բաժիններ է ներառում՝ պաշտպանություն, անվտանգություն, ժողովրդավարություն, արդարադատություն, տնտեսական, տրանսպորտային ու էներգետիկ ոլորտներ։ Ընդգծվում է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը. Հայաստան, որն ի զորու է պաշտպանել իր միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը։

Լրագրողները նախարարից նաև հետաքրքրվեցին, թե որքանով է Սյունիքը պաշտպանված համարում՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի ղեկավարը նախորդ շաբաթ կրկին «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսեց։ Իլհամ Ալիևը պնդել էր, թե «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի։

«Հռետորաբանությունը հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր։ Ես՝ որպես պաշտպանության նախարար, չեմ տեսնում, որ կան հիմքեր, որ տարածաշրջանը էսկալացվի, որովհետև յուրաքանչյուր պրոբլեմի մասով Հայաստանն ունի առաջարկներ և լուծումներ», - շեշտեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Իսկ արդյոք մինչև այս պահը Ադրբեջանն ունեցե՞լ է հիմքեր, որ ՀՀ տարածքներ է օկուպացրել. Սուրեն Պապիկյանն արձագանքեց, թե չի ցանկանում խոսել այն մասին, թե նախկինում ինչ է եղել, այլ՝ թե ինչպես է պատկերացնում խաղաղությունը տարածաշրջանում։ Ըստ նրա՝ չնայած տարածաշրջանը «հեշտ ժամանակներ չի ապրում», բայց առկա խնդիրները բանակցություններով լուծելու հնարավորություն կա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել